Մարտի 5-ին Մոսկվայում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ ռազմական իրավիճակը լրջագույնս սրվել էր հատկապես Սիրիայի Իդլիբ նահանգի Սարակիբ շրջանում: Նման զարգացումների պատճառն, անշուշտ, ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակի բանակցություններին ընդառաջ Իդլիբում ավելի բարենպաստ դիրքեր գրավելու՝ հակամարտ դերակատարների ձգտումն էր: Քանի որ կանխատեսելի է, որ Մոսկվայում կողմերի միջև համաձայնության կայացման դեպքում դրա իրացման առաջին քայլը կարող է լինել անմիջապես հրադադարի հաստատումը առկա դիրքային իրավիճակի պահպանմամբ:
Եվ չնայած Թուրքիայի կողմից գործադրված լրջագույն ջանքերին (ԱԹՍ-ների պատերազմ)՝ այնուամենայնիվ, թուրքամետ զինյալներին այդպես էլ չհաջողվեց վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակության Սարակիբ բնակավայրի նկատմամբ:
Իսկ այսօր Մոսկվայում կայանալու են բավականաչափ բարդ բանակցություններ (երևանյան աշխարհաբարով՝ թեժ բազառ), որի կանխատեսման համար հիմք են հանդիսանում անցած 1 ամսվա ընթացքում Սիրիայում և դրա հետ կապված Թուրքիայի բացահայտ հակառուսական, ոչ բարեկամական գործելաոճն ու հռետորաբանությունը, ինչպես նաև թուրքական պատվիրակության բավական պատկառելի կազմը: