Pastinfo.am-ը գրում է․

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ սուպերմարկետներում իրականացրած ախտահանիչ գործողությունները չեն համաձայնեցվել Առողջապահության նախարարության հետ։ ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությանը պնդում է, որ նախարարության հետ համաձայնեցնելը պարտադիր բնույթ չի կրում և ախտահանման աշխատանքներ պարբերաբար տեղի են ունենում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ մետրոյում տեղի ունեցած ախտահանիչ գործընթացներից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել և կոչ էր արել նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ։

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել, որ իրենց հանձնարարությամբ Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ: Դրան կից տարածվել էին նաեւ լուսանկարներ՝ ի հավաստումն իրականացվող ախտահանիչ գործողությունների, որոնց թվում է նաեւ սույն նյութին ուղեկցող լուսանկարը։ Այն իրականում ս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

«Այդ ախտահանման աշխատանքները լինում են պարբերաբար, խանութները պարտավոր են այն անել ամեն օր երեկոյան կամ գոնե երկու օրը մեկ, դա իրենց սովորական աշխատանքն է։ Մենք պարզապես ցուցում ենք տվել, որ օրվա ընթացքում ևս մի քանի անգամ անեն, որպեսզի կորոնավիրուսի կամ գրիպի վիրուսի պայմաններում կանխարգելիչ քայլեր լինեն»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Ինչպես երեւում է լուսանկարում ախտահարումը տեղի է ունենում մթերքի հարեւանությամբ ու հարց է ծագում՝ արդյոք այդ թունավոր հեղուկը, որով իրականացվում է ախտահարումը, վտանգավոր չէ հարեւանությամբ գտնվող մթերքի համար։ Ուստի փորձեցինք տեսչական մարմնից ճշտել, թե ինչ նյութերով է ախտահանումն իրականացվել։

«Դրանք սովորական ախտահանիչ նյութեր են, որ օգտագործվում են նման գործողությունների ժամանակ։ Դրանք մթերքի համար վտանգավոր նյութեր չեն և հիմնականում պետք է արվեն այնպիսի տեղերում, որտեղ մթերք այդ պահին չկա։ Այո, նկարներում մենք էլ ենք նման բան նկատել, սակայն տեղադրել ենք, որպեսզի երևան ախտահանիչ գործողությունները։ Բայց նաև զգուշացրել ենք, որ բաց մթերքների մոտ ախտահանիչ նյութեր պետք է չօգտագործվեն»,-ասաց խոսնակը։

Հակառակ ՍԱՏՄ-ի պնդմանը, թե այս նյութերն իրենցից վտանգ չեն ներկայացնում, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ քիմիական նյութերը չեն կարող վտանգավոր չլինել։

«Ախտահանում իրականացնելու կարգ գոյություն ունի։ Նկարներից մեկում, երբ փակ սառնարանի դուռ է ախտահանվում, հենց կողքին բաց վիճակում դրված է հացաբուլկեղենը, հետևաբար այստեղ տարբեր նորմերի խախտում կա և այդ գործողությունը կարող է հանգեցնել տարբեր քիմիական վտանգների՝ կախված աղտահանիչից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրեց Պիպոյանը։

Վերոնշյալ կարծիքների և դիտարկումների վերաբերյալ ակնկալում ենք նաև Առողջապահության նախարարության արձագանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել