Հուլիսի տասնմեկը սովորական օր չէր աշխարհի ճարտարապետների համար։ Սրտի տրոփյունով էին սպասում արտերկրյա ճարտարապետներն այս օրվան, սպասում էին՝ հուսալով որ էս օրը կգա։ Հայր Դյումայի հայտնի գրքի հայտնի վերջաբանը նշանաբան դարձրած՝ սպասում էին ճարտարապետները ու էդ սպասումից ստոծանու շրջանում տարօրինակ զգացումներ էին ապրում։ Էդպիսի զգացում նրանց մի մասը մեկ էլ ունեցել էր առաջին սիրահարվածության ժամանակ, մի մասը իսկի չէր էլ ունեցել։

Ախր խնդրել էին աշխարհի ճարտարապետները աշխարհի ամենահինավուրց երկրի մայրաքաղաքի քաղաքապետարանի ամենաիմաստուն ճարտարապետ իրենց գործընկերոջից՝ թույլ տալ մասնակցել էդ երկրի գլխավոր հրապարակի վերակառուցման հայեցակարգի նախագծի մրցույթին։ Խնդրել էին՝ առանց ակնկալելու, թե էդ հանդուգն խնդրանքը կիրականանա։ Բայց ճարտարապետական գծագրերից, ամրանների ճկունության հաշվարկներից ու զանազան այլ մասնագիտական զրթուզիբիլից կարծրացած իրենց սրտերի խորքում աշխարհի ճարտարապետները հավատում էին հրաշքին։

Հոգ չէ, որ էս մրցույթը հենց էնենց, ուղղակի մրցույթ էր։ Ախր հատուկ նշել էին քաղաքապետարանի իմաստուն աշխատակիցները, թե «...վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում»:

 

Ուղղակի չարաճճի մի նախաձեռնություն էր էս բաղձալի մրցույթը, որի արդյունքում քաղաքապետարանի իմաստուն աշխատակիցերը որոշել էին հնարավորություն տալ իրենց գանձարանում կուտակված ավելորդ 4 միլիոն հինավուրց երկրի փողը նվիրել սկզբում հայրենի, ապա նաև աշխարհի ճարտարապետներին։ Որ աշխարհի ճարտարապետները, կամ առնվազն նրանք, ովքեր այս մրցույթի մասին տեղեկացած էին, գային ու իրենց կուռ խոսքով, հզոր փորձով հավաստեին, որ, այո, էս հինավուրց երկրի հրապարակը թերի է։ Որ հասկանար հինավուրց երկրի իմաստուն, բայց ճարտարապետական խնդիրներից ահագին կաղացող ժողովուրդը, որ էդ անտեր հրապարակը, իրոք, թերի է... Որ սեփական Ճարտարապետին չհավատացող էս անշնորհակալ ժողովուրդը, որ սիրում է անսալ այլոց խոսքերին, լսեր էդ այլոց մասնագիտական «վերդիկտը»։ Ու խելոքանար էս հինավուրց երկրի ժողովուրդը... չխանգառեր իր իսկ կողմից չգնահատված, բայց իմաստուն Ճարտարապետին... Այ էսքան հեռատես ու իմաստուն էին էս հինավուրց երկրի մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները։

Ու եկավ հուլիսի տասնմեկը՝ ավետելով էն պատմական որոշման մասին, թե «...որպեսզի ...արտերկրյա մի շարք ճարտարապետներ... իրենց խնդրանքի համաձայն … նույնպես հնարավորություն ունենան  մասնակցելու հայտարարված մրցույթին... բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմաններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող սահմանափակումները»։

Եվ աշխարհի ճարտարապետները, լքելով 514 հարկանի կիսակառույցը Դուբայում, 50000-անոց պլենար նիստերի դահլիճը Պխենյանում, նոր օդանավակայանը Պերույում ու էլի հազարավոր այլ անավարտ ու անկարևոր կառույցներ՝ հնարավորություն ստացան ողջ իրենց եռանդն ու գիտելիքները կենտրոնացնել հինավուրց երկրի հրապարակի թերությունների վերացման կարևոր գործի վրա։

Երկրագունդը չի հասցնի ևս մեկ ամբողջական պտույտ կատարել արեգակի շուրջ, Աբխազիա ու Չեռնագորիա մեկնած հայ տուրիստները չեն հասցնի մարմինների վրայից պոկոտել արևայրուքի հետևանքով արդեն պլոկված մաշկը, երբ աշխարհի ճարտարապետները միահամուռ կներկայացնեն մեկ միասնական կուռ կարծիքն առ այն, որ, այո, գտնվել է հինավուրց երկրի մայրաքաղաքի հրապարակի թերության պատճառը... մասնագիտական բոլոր հաշվարկները աշխարհի բոլոր հաշվիչ մեքենաների վրա կապացուցեն, որ էդ թերությունը գալիս-հանգում է հրապարակի թմբուկի բացակայությանը։ Չէ՞ որ լավ ճարտարապետների համար իրենց մասնագիտությունը մաթեմատիկայի պես մի բան է. չի կարող լավ ճարտարապետը չնկատել էդ թմբուկի պակասը։ Հինավուրց քաղաքի Ճարտարապետն վաղուց էր նկատել։ Ափսոս, թերագնահատված է իր երկրում հինավուրց երկրի Ճարտարապետը։ Ափսոս, դեռ իր որոշումներն ու տեսլականը առաջ տանելու համար աշխարհի ճարտարապետների մասնակցությամբ մրցույթներ են պետք։ Ափսոս, որ անշնորհակալ ժողովուրդը պաշտում է Հին Ճարտարապետին։ Հենց նրան, ում արածները լրամշակելով ու խմբագրելով Նոր Ճարտարապետը կգրավի հնի՝ վաղուց թափուր տեղը։ Էն տեղը, որը իրեն է արժանի։ Ուրեմն, եղիցի մրցույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել