Hraparak.am-ը գրում է․

Իհարկե վատ չէր լինի, բայց հիմա առաջարկում ենք քննարկել, ոչ թե մեր ցանկություններն ու երազանքները, այլ այն ինչ-որ ունենք և մոտ ապագայում կարող ենք ունենալ։ Մի պահ կտրվենք հեղափոխական երազախաբությունից, քանի որ երեկ մարտի 2-ն էր՝ Հայաստանի դիվանագետի օրը, համատեղության կարգով նաև հայկական դիվանագիտությանը ծաղրի ենթարկելու օրը։ 

Երբեք չէի կարող պատկերացնել, որ ինչ-որ մի օր հոդված կգրեմ ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունների մասին, բայց ինչպես չգրել, եթե մեկնաբանողը ոչ ավել ոչ պակաս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է։ Վերջինս մեկնաբանել էր «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի գրառումը, որը վերաբերվում էր Թուրքիայի արտգործ նախարար Մևլութ Չավուշօղլու և ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտնի հանդիպմանը։ Իհարկե Դանիելյանի գրառման բովանդակությանը չենք ուզում անդրադառնալ,  քանի որ այս ակնարկի շրջանակներում առավել կարևոր է Զախարովայի արձագանքի շեշտադրումը։ 

Մեծ հաշվով դա արձաքանք էլ չէր, այլ ծաղր Հայաստանի կառավարության նկատմամբ։ Պատկերացնո՞մ եք ՌԴ ԱԳՆ խոսնակը Հայաստանի Հանրապետության կարևորագույն հիմնախնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ առնչվող անցքերը քննարկում է միջին տրամաչափի քաղաքական գործչի ֆեյսբուքյան պատին և իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան ամենայն հեգնանքով պատասխանում է հետևյալ կերպ․ «Դուք ինձ եք հարցնո՞ւմ այդ մասին, կանչեք Աննա Նաղդալյանի (ՀՀ ԱԳՆ խոսնակ) հոգին և նրան հարցրեք»։ 

Սա իհարկե պաշտոնական Երևանին ուղղված ապտակ է, որի առաջնային պատասխանատուներն են ՀՀ կառավարությունն ու առաջին հերթին վարչապետ Փաշինյանը։ Միգուցե մեկնաբանություններն այս նախապես պլանավորված էին, իհարկե ոչինչ չի կարելի բացառել, բայց այս հարցում ոչ ռուսական կողմին կարելի է մեղադրել և ոչ էլ առավել ևս Դանիելյանին։ Խնդիրը Հայաստանի կառավարության ապաշնորհության և ամենայն հավանականությամբ գործընկերների հետ բանակցությունները ձախողելու մեջ է։ Հակառակ պարագայում ռուսական կողմն այսպիսի քայլի երբևէ չէր դիմի, այն էլ ԱԳՆ խոսնակի մակարդակով։ Փաստացի Մոսկվան ուղերձ էր փոխանցում հայկական կողմին և որոշել էր դա տեղ հասցնել համանման նվաստացուցիչ մոտեցմամբ՝ ծաղրելով և հեգնելով։ 

Կարելի է ենթադրել, որ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Երևանի անհասկանալի և անորոշ դիրքորոշումը, ավելի շուտ դիրքորոշման բացակայությունը լուրջ խնդիրների պատճառ է դարձել։ Վերջին ամիսների ընթացքում Փաշինյանը երեք կոպտագույն սխալ է թույլ տվել․ ա) Ստեփանակերտի հանրահավաքի ընթացքում հնչած «Արցախը Հայաստան է և վերջ» աղմկահարույց հայտարարությունը, բ) Կապանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բանակցված խաղաղ կարգավորման փաստաթղթերից մեկը անհիմն կերպով քննադատության թիրախ դարձնելը,   գ) Առանց համանախագահների հետ քննարկելու Մյունխենյան կոչվող ինչ-որ սկզբունքների հրապարակումը, որոնք իհարկե չեն կարող սկզբունքներ կոչվել և հակամարտության կարգավորման արդեն իսկ հայտնի սկզբունքների հետ որևէ կապ չունեն։ 

Այս երեք փաստերը մեծ հաշվով ոչ այլ ինչ են, եթե ոչ արկածախնդրություն։ Վարչապետ Փաշինյանը, խուսափում կամ էլ վախենում է որևէ հստակ դիրքորոշում հայտնել հակամարտության վերաբերյալ։ Նա փաստացի որոշել է խաղալ համանախագահների հետ՝ առանց հասկանալու, որ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Իրականում հետևանքներն արդեն իսկ նշմարվում են, պարզապես դեռևս նվաստացման փուլում ենք, որին շուտով հաջորդելու է Երևանին լրջացնելու, ուշքի բերելու և իր կամքին հակառակ բանակցությունների սեղան վերադարձնելու փուլը։ Շաբաթներ առաջ գրել էինք նույն հարցով ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները փչացնելու խնդրի մասին, իսկ հիմա փաստացի հերթը հասավ Ռուսաստանին և այն դեպքում, երբ իշխանական պրոպագանդիստներն ամեն օր պնդում են, թե Մոսկվայի հետ փոխհարաբերություններն երբևէ այսքան լավ չեն եղել։ 

Քանի դեռ ՀՀ կառավարությունը չի վերանայել իր անպատասխանատու և ապաշնորհ կեցվածքը, Վաշինգտոնից, Մոսկվայից և Բրյուսելից ապտակները տարբեր դրսևորումներով շարունակվելու են, իսկ օդում կախված է մնալու Արցախի ադրբեջանական համայքնի հետ երկխոսելու պարտադրանքը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել