Վաղ առավոտից համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևում է թե ինչպես են որոշ քաղաքացիներ կազմակերպել ՈՉ-ի «հուղարկավորությունը»:
Սգո թափորը կայծակնային արագությամբ ընդլայնեց իր շրջանակը, ցավալիորեն ընդգրկելով նաև որոշ լրատվամիջոցներ:
Այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՈՉ-ի կողմնակիցների դեմ պարբերաբար կազմակերպվում են նմանօրինակ ցածրորակ արշավներ, պարզ է: Ոմանք անգամ չեն խորշում տարածել զրպարտչական և վիրավորական տեղեկություններ՝ անգամ չհասկանալով դրա իրավական հետևանքները:
Բայց ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա. որոշ ժամանակ առաջ գործող իշխանության քայլերը քննադատող հասարակական գործիչների ակցիան անմիջապես ստացավ իրավական որակում և սանկցիավորվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2-րդ հոդվածով:
#սուտՆիկոլ ակցիայի մասնակիցները վարչական պատասխանատվության ենթարկվեցին այն բանի համար, որ իբրև թե ոչ նպատակային են օգտագործել փողոցները, մայթերը և այլ հասարակական վայրերը:
Մտահոգությունս և դրանից բխող օբյեկտիվ հարցադրումս հետևյալն է. արդյո՞ք նման ցածրորակ գործողությունը կամ, այլ կերպ ասած, այլակարծության հուղարկավորությունը դուրս է մնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.2-րդ հոդվածի կարգավորման տրամաբանությունից: Իսկ եթե ոչ, ապա տևական ժամանակ է՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել հակաիրավական արարքը կատարող անձանց ինքնությունը պարզելու և նրանց իրավական պատասխանատվության ենթարկելու համար:
«ՈՉ» քարոզչական կողմի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյան