Ամերիկյան Apple կորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ Լորեն Փաուել Ջոբսը հայտարարել է, որ մտադիր չէ իր երեք երեխաներին թողնել բազմամիլիարդանոց ժառանգությունը, որը նրան է հասել ամուսնու մահից հետո, գրում է The New York Times- ը:
Կինը սխալ է համարում մեկ ընտանիքի ձեռքում հսկայական ունեցվածքը կուտակելը, ինչպես դա արել են Ռոկֆելլերները 19-րդ դարում:
Լորեն Փաուելը զբաղվում է բարեգործությամբ: Նրա նպատակն է այնպես տնօրինել միլիարդները, որպեսզի դրանք հնարավորինս շատ օգուտ բերեն անապահով մարդկանց:
Նա նշել է, որ երեխաները ծանոթ են իր դիրքորոշմանը և աջակցում են իրեն այդ հարցում:
Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշի համաձայն՝ Լորեն Փաուել Ջոբսի ունեցվածքը մոտ 24 միլիարդ դոլար է կազմում: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի 38-րդ տեղում է:
Ջոբսի հետ ամուսնությունից նա երեք երեխա ունի՝ որդին՝ Ռիդը, դուստրերը՝ Էրինը և Էվան: