Այս շաբաթ խորհրդարանը քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որը հեղափոխությունից հետո անցումային արդարադատության կարևորագույն գործիքներից է լինելու:
Կոռուպցիայի դեմ պայքարը, որը բավական դանդաղ է ընթանում՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այս օրենքով էականորեն այլ փուլ կմտնի՝ ունենալով լուրջ արդյունքներ:
Հարկ է ընդգծել, որ օրենքի իմաստով գույքը ներառում է ոչ միայն անշարժ գույքը, այլ նաև արժեթղթերը: Այսինքն՝ օրենքով բռնագանձման է ենթակա լինելու նաև նախկին ու գործող պաշտոնյանների և իրենց ընտանիքների անդամների հետ կապված անձանց պատկանող ընկերությունների բաժնեմասերը, որոնք ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով:
Տարիներ շարունակ առկա են բազմաթիվ հրապարակումներ նախկին պաշտոնյաների գույքերի և ընկերությունների վերաբերյալ, որոնք իրավապահ մարմինների համար պետք է հանդիսանան ուսումնասիրության առարկա օրենքի շրջանակներում: