Ամենասարսափելի դրվագը առողջապահության նախարարի մամուլի ասուլիսում ոչ թե նախարարի խոսքում էր, այլ՝ լրագրողներից մեկի հարցում: Ռուսական լրատվամիջոցի թղթակիցն այնպիսի հարց տվեց, որից մարդ, որպես ունկնդիր՝ ամաչում է:

Լրագրողը մոտավորապես հարցրեց թե արդյո՞ք կորոնավիրուսի ողջ թեման կեղծիք չէ, արդյո՞ք Չինաստանը չի հորինել այն, արդյո՞ք չկա համաշխարհային դավադրություն և այլն: Եվ ասաց, որ Ռուսաստանում շատ-շատերն են այդ կարծիքին և անգամ՝ պետական բարձր մակարդակով: Եվ բացահայտ հասկացվեց, որ ինքն այդ տեսության մոլի հավատացող է:

Լավ է, որ նախարարը հերքեց: Բայց հարց է առաջանում. ինչպիսի՞ լրագրողը կարող է նման հարց տալ, ինչպիսի՞ լրագրողական նյութեր են այդպիսի լրագրողներն արտադրում:

Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ նման ցածրորակ և ամոթալի դավադրությունների տեսությունների հանդեպ թուլություն ունեն ոչ միայն Ռուսաստանում, այլև՝ նույնչափ Հայաստանում: Թե որտեղից է այդ միտումը ներթափանցել Հայաստան՝ դժվար չէ կռահելը: Եվ դա արմատացած երևույթ է այս հետխորհրդային տարածաշրջանում: Հիմարագույն միֆերի հավատալու արդյունքներից մեկն էլ այն է, որ եթե շատերն անգամ այդ մակարդակի տգետ և խավարամիտ մտածողություն չունեն, ապա այնուամենայնիվ ամենևին քիչ չեն նման ամեն սպառնալիքի մատների արանքով նայողները, որոնցում նույնպես առկա է տգիտության հիմքով՝ մեծամիտ մոտեցումները: Դա շատ հետխորհրդային և արդեն շատ հայկական երևույթ է այլևս: Եվ սա մեծ, շատ մեծ սպառնալիք է:

Այդպես է գրեթե ամեն խնդրում. անվտանգության հարցերում, երկրի կառավարման հարցում, Ադրբեջանի հետ կենֆլիկտի պարագայում: Սպառնալիքները մշտապես թերագնահատվել են, մեծամտաբար ծաղրվել զգուշացման զանգ խփողները, որակվել որպես «պանիկյորներ» և ավանդաբար միայն պոստ-ֆակտում սկսել են մաքրել հանցավոր անփութության արդյունքում թույլ տրված աններելի բացթողումները, իսկ նախազգուշացնողների վրայից «պանիկյորի» պիտակն այդպես էլ չի հեռացվել:

Եվ դադարենք մտածել, որ աշխարհի ամենախելացի մարդիկ ապրում են Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Տաջիկստանում և Ղրղզստանում: Այդ հասարակություններից բացի այլ՝ առավել զարգացած և առաջադեմ հասարակություններ կան, որտեղ վտանգներին սթափ են մոտենում, իսկ կանխարգելիչ միջոցներն ավելին են՝ քան թելադրում է վտանգի սպառնալիքը: Արևմտյան ասացվածք է՝ «Լավ է ապահով լինել, քան զղջացող»:

Մենք միշտ զղջում ենք, բայց շարունակում ենք ծաղրել ապահովության կոչերը: Եվ այդպես զղջալու ենք միշտ: Ապահովությունն ատում ենք մենք և ապահովությունն էլ այլևս մեզ է ատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել