Առիթ ունեցել ենք խոսելու նվաճման մանիպուլյատիվ տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են ավանդական հասարակությունները կազմաքանդելու համար: Այդ տեխնոլոգիաներից հատկապես անդրադարձել ենք, այսպես կոչված, Օվերտոնի պատուհանին: Այն, ինչպես գիտենք, հանրության կողմից ընդունված արժեքների, համոզմունքների, բարոյական նորմերի փոփոխման տեխնոլոգիա է, որի շնորհիվ հնարավոր է օրինական դարձնել բարոյագիտական տեսանկյունից անթույլատրելի և մերժելի շատ երևույթներ: Այդուհանդերձ պետք է փաստել, որ ինչպես ցանկացած թույն ունի հակաթույն, այնպես էլ գոյություն ունեն Օվերտոնի պատուհանին հակազդելու հնարավոր մեխանիզմներ:
Օվերտոնի պատուհանի «հաջողությունը» մարդ-հասարակություն ավանդական փոխհարաբերությունների միջև եղած սողանցքներն են: Այն ի հայտ է գալիս, երբ հասարակական պատասխանատու ինստիտուտները՝ ընտանիք, դպրոց, եկեղեցի ևն, ձախողում են համակողմանի և ներդաշնակ մարդ ձևավորելու իրենց առաքելությունը, հետևաբար նվաճման տեխնոլոգիաներին հակազդելու համար անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքացու անձնային և ազգային որակները, որոնք տարբեր պատճառներով չեն զարգացել մինչ այդ:
Կարևոր է արժևորել նաև այն հանգամանքը, որ հասարակության մեջ առկա ավանդական արժեքները ոչ թե սոսկ մնացուկներ են, այլ քաղաքացու առողջ սոցիալականացման երաշխիքներ: Դրանք են ապահովում մարդու ներդաշնակ ինտեգրումը ժամանակակից աշխարհում առանց սեփական արմատներից կտրվելու: Հենց սեփական մշակութային ժառանգության յուրացումն է թույլ տալիս ձևավորել ինքնաճանաչ մարդու, ով գիտակցում է իր պատկանելիությունը տվյալ հասարակությանը և դրանում իր տեղը, դերն ու նշանակությունը:
Ինքնագնահատական
Օվերտոնի պատուհանին դիմագրավելու առաջին պայմանը քաղաքացու առողջ ինքնագնահատականն է, որը բնորոշվում է հասարակական պահանջմումքների և սեփական հայացքների հավասարակշիռ փոխհարաբերությամբ: Մեծամասամբ մարդիկ ձգտում են վերածվել այսպես կոչված «ընդունելի» անհատների: Այն պահից սկսած, երբ մարդն իր բնատուր առանձնահատկությունները փոխարինում է «ընդունելի» լինելու ջանքերով, նա սեփական «ես»-ը աստիճանաբար հանձնում է արտաքին և օտար կառավարման: Արդյունքում լավագույն դեպքում մարդը հարմարվում է թելադրվող նորմերին՝ ընդունված լինելու համար, վատագույն դեպքում ենթարկվում է բազմապիսի մանիպուլյացիաների:
Հանդուրժողականություն
Ժամանակակից աշխարհում Օվերտոնի պատուհանի շնորհիվ հանդուրժողականությունը վերածվել է ամորֆ հասկացության, որի մեջ ներդրվել են մերժելի որակներ: Հանդուրժողականությունը չի կարող դիտվել որպես խտրականության հականիշ կամ հրաժարում սեփական արժեքներից՝ հանուն կասկածելի գաղափարների: Հանդուրժողականությունը պետք է ներկայացնել և մատուցել միայն որպես բնական համբերատարության զգացում, որը կարող է և սպառվել անառողջ դրսևորումների դեպքում: Պակաս կարևոր չէ նաև անհանդուրժողականության դրսևորումը ագրեսիվ արտաքին էքսպանսիայի և ազգային նկարագրին սպառնացող երևույթների նկատմամբ:
Էվֆեմիզմ
Օվերտոնի պատուհանում սկզբունքային դեր ունի էվֆեմիզմը, որը նույն երևույթի բնորոշումն է ավելի թույլ կշիռ ունեցող բառերով կամ արտահայտություններով: Անհրաժեշտ է գրավոր և խոսակցական բառապաշարում չխուսափել երևույթներն իրենց անուններով կոչելուց: Կարևոր է նաև որևէ տեղեկատվություն ստանալիս կենտրոնանալ ոչ թե զուտ արտահայտությունների, այլ դրանց խորքում պարունակվող իմաստների վրա:
Խմբային պատկանելիություն
Ցանկացած մարդ ունի բնածին պահանջ, ձգտում՝ հանդիսանալու մարդակային որևէ խմբավորման, հանրույթի անդամ: Քանի որ այն կրում է հիմնարար բնույթ, ուստի Օվերտոնի պատուհանում վերածվում է մանիպուլյացիոն հնարքի, հետևաբար պետք է ոչ թե պայքարել մարդկային այդ ձգտման դեմ, այլ մարդուն ցույց տալ այն իրական հանրույթը, որին արժե պատկանել: Այս դեպքում, օրինակ, «մեր հասարակությունը բավականաչափ ժողովրդավար չէ միասեռ ամուսնություններն ընդունելու համար» արտահայտությունը կստանա այլ տեսք և կարող է հնչել այսպես. «Միասեռ ամուսնությունները չեն համապատասխանում մեր հասարակության հիմնարար աշխարհայացքին, որպեսզի վերածվեն նրա արժեքային բաղադրիչի»:
Հեղինակավոր կարծիք
Մարդու հիմնական առանձնահատկություններից մեկը հեղինակություններ փնտրել և ստեղծելն է: Քանի որ հեղինակությունը հասարարական հարաբերությունների արգասիք է, ուստի Օվերտոնի պատուհանը կարողանում է հատուկ քարոզչության շնորհիվ ձևավորել կեղծ հեղինակություններ: Ամեն անգամ, երբ, օրինակ, էկրանից ներկայացվում է որևէ գործիչ, ում վերագրվում են բազմապիսի գրավիչ որակներ, փորձեք մի պահ մտածել՝ արդյո՞ք տվյալ մարդը կարող է հեղինակավոր լինել հենց ձեզ համար: Փորձեք անընդհատ ստուգել՝ արդյո՞ք տվյալ անձը նույնքան հեղինակավոր կարող է լինել, եթե չլինի նրա շուրջ ձևավորված քարոզչական աղմուկը:
Օրենսդրություն
Օվերտոնի պատուհանի տեխնոլոգիայում կարևորագույն դեր ունի դրա եզրափակիչ ակտը՝ արտաքին արժեքային համակարգը օրենքի ուժով պարտադիր դարձնելը: Նման դրսևորումից խուսափելու համար կարևոր է, որ ղեկավար պաշտոններում անձանց ընտրելիս հաշվի առնվեն նրանց բարոյական որակները, ազգային և պետական մտածողությունը: Նշենք, որ ցանկացած, նույնիսկ իդեալական օրենսդրական համակարգ ունի անխուսափելի բացեր և հակասություններ, որոնք հնարավոր է կիրառել անցանկալի և վտանգավոր նախաձեռնությունները չեզոքացնելու համար:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ արտաքին արժեքային նվաճմանը դիմագրավելու համար նախ հարկ է ունենալ բարոյապես և գիտակցորեն ուժեղ քաղաքացիներ, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում կյանքից և դեպի ուր են շարժվում:
Հ.Գ. Ճանապարհից դուրս, գեղատեսիլ թփուտներում միշտ օձն է դարանակալում:
Վահե Հայկունի