Դժվար թե հնարավոր լինի լիովին ազատվել COVID-19 նոր կորոնավիրուսից. ամենայն հավանականությամբ, այն գրիպի նման սեզոնային հիվանդություն կդառնա:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սերգեյ Նետյոսովը կարծում է, որ կորոնավիրուսը կարող է ամրապնդվել նրանց մոտ, ովքեր ասիմպտոմատիկ եւ երկար են հիվանդանում` տարածելով վիրուսը շրջակա միջավայրում, հայտնում է «Իզվեստիա»-ն:
«COVID-19-ն ամեն տարի համաճարակային ալիքներով կխոցի բնակչության առավել զգայուն հատվածին` տարեցներին, քրոնիկ հիվանդներին եւ թույլ իմունիտետով մարդկանց»,- ենթադրել է մասնագետը:
Նետյոսովի կանխատեսումների հետ համաձայնել է Ե. Ի. Մարցինովսկու Սեչենովսկու անվան բժշկական մակաբուծաբանության, արեւադարձային եւ շարժահաղորդ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը: Նրա խոսքով` ոչ վտանգավոր շնչառական կորոնավիրուսները, որոնք գոյություն ունեն սուր շնչառական վիրուսային վարակների տեսքով, դրսեւորվում են հենց այդ ձեւով` որպես սեզոնային հիվանդություններ: Միեւնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ դժվար է կանխատեսել իրավիճակի զարգացումը, քանի որ խոսքը նոր վիրուսի մասին է, որի մասին դեռ քիչ բան է հայտնի:
Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաբանական եւ բժշկական ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Մելերզանովը կարծում է, որ ապագայում COVID-19-ի բռնկումներն ալիքներով են տեղի ունենալու:
«Որպես կանոն, կորոնավիրուսի հիվանդության դեպքերի աճը նկատվում է աշնանը եւ ձմռանը: Եվ եթե մենք խոսում ենք այս շտամի մասին, ապա խոսքը այս հիվանդության` գրիպի վիրուսի տարբեր շտամների հետ անալոգիայի միջոցով դրա վերահսկման մասին է, այլ ոչ թե վիրուսի նկատմամբ լիարժեք հաղթանակի»,- նշել է գիտնականը: