Սիրիայի Իդլիբ նահանգում կատարված վերջին զարգացումները Թուրքիայի բարձրագույն իշխանություններին դրել են բարդագույն խնդրի առջև։ Մարդկային, նյութական, տնտեսական, դիրքային պատկառելի կորուստները թուրքական ամբիցիոզ ղեկավարությանն ավելի ազդեցիկ պատասխան գործողություն իրականացնելու օրակարգ են թելադրում։
Եվ որքան էլ թուրքական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել, որ հակառակորդի՝ սիրիական բանակի կորուստները և՛ քանակական, և՛ որակական առումով տասնապատիկ անգամ ավելի են (շուրջ 200 օբյեկտ, 300 զոհ և վիրավոր, 5 տասնյակից ավելի տարատեսակ զինտեխնիկա), այդուհանդերձ, հատկապես վերջին տարիների ազգայնականության մեծ ալիքի ազդեցությամբ թուրքական հասարակության մի ստվար հատված իշխանությունից պահանջում է ավելի ազդեցիկ պատասխան։
Մյուս կողմից՝ մոտավորապես նման դիրքային իրավիճակում է հայտնվել նաև Ռուսաստանը։ Եթե Սիրիայի իշխանությունների գլխավոր արտաքին հովանավորը չկարողացավ զսպել թուրք գործընկերոջ հավակնություններն Իդլիբում, ապա առնվազն իմիջային լուրջ հարված է ստանալու, ընդ որում, Սիրիայում արդեն երկրորդը՝ Իսրայելի պարբերական գործողություններից հետո։
Հետևաբար, նաև վերոնշյալ հոգեբանական նրբություններն են ավելի դժվար կանխատեսելի դարձնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում հետագա զարգացումները։