Tert.am-ը գրում է.

Երկու տարի առաջ իշխանությունից հրաժարվելու վրա որոշակի գործոններ են ազդել, որոնք միայն ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ չեն։ Այս պրոցեսում կարևորագույն գործոնը ոչ թե եղել է իշխանություն հանձնել-չհանձնելը, այլ հնարավոր ծանր ու բացասական հետևանքներից երկրի ներսում խուսափելը: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Արման Սաղաթելյանը։

Արման Սաղաթելյանի գնահատմամբ՝ 2018թ․ ապրիլյան իրադարձություններում ծանր հետևանքների չբախվելն արդեն իսկ արժանի է գովասանքի ու հարգանքի։

Հարցին՝ տեղի՞ն է այսօր նման բան ասելը, երբ հիմա մշտապես խոսում եք երկրի ներսում տիրող սպառնալիքներից, Արման Սաղաթելյանն ասել է․ «Ես միշտ եմ խոսել, որն արտահայտվել է 2018թ․ մայիսի 1-ին ԱԺ-ում իմ ելույթում ու մայիսի 8-ի իմ քվեարկությունում»։

Արման Սաղաթելյանը վստահեցնում է, որ իր վրա ոչ ճնշում է եղել, ոչ էլ սպառնալիքներ։

Արման Սաղաթելյանի խոսքով՝ 2018թ․ ապրիլյան իրադարձություններում կիրառվող ճնշումները ներմուծված տեխնոլոգիաներ էին և նմանատիպ ճնշումներ մեր պատմության մեջ երբևէ չէին եղել․ «Մեր տան վրա ևս եկել էին և ես ափսոսում եմ, որ այդ ժամանակ տանը չէի և այդ երիտասարդների հետ շփվելու հնարավորություն չեմ ունեցել»։

Խոսելով արցախյան հիմնահարցի շուրջ իշխանության իրականացրած քայլերից՝ Արման Սաղաթելյանն ասել է․ «Մարդիկ, ովքեր այսօր պատասխանատու են այս կարևորագույն հարցի լուծման ճանապարհը գտնելու, երբևէ որևէ առնչություն չեն ունեցել պաշտպանական համակարգի, ազատամարտի հետ, անգամ բանակում չեն ծառայել»։

Ըստ Արման Սաղաթելյանի՝ մենք մինչև վերջերս անգամ գաղափար չունեինք մենք բանակցու՞մ ենք Ադրբեջանի հետ, թե՞ պարզապես հանդիպումներ են «կիրթ Ալիևի» հետ․ «Չգիտես ինչու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունք ասելը վախեցնում է Նիկոլ Փաշինյանին, որը նա չի հնչեցնում ոչ մի հարթակում»։

Դիտարկմանը՝ Արցախի հարցի շուրջ բանակցություններում մենք ի՞նչ ունենք, Արման Սաղաթելյանը պատասխանել է․ «Ես տեսնում եմ խառնաշփոթ, իրարամերժ հայտարարություններ։ Այնքան քաոսային իրավիճակ է, որ ես անգամ տիրող իրավիճակի ալգորիթմն եմ դժվարանում գտնել»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գործերով դատավարություններին՝ Արման Սաղաթելյանը նշել է․ «Ընթացքը ցույց կտա, բայց, անշուշտ, անհանգստացնող միտումներ են այն ամենը, ինչ մինչ օրս է տեղի ունեցել։ Այս ամենը վկայում է, որ ընթանում է երկրորդ և երրորդ նախագահների հետապնդում»։

Հարցին՝ նպատակը ո՞րն է, ԱԺ նախկին պատգամավորը պատասխանել է․ «Նպատակները շատ են․ կարող է լինել օրակարգի շեղում, հարկ եղած պարագայում դիմադրություն ցուցաբերող օբյեկտների մեկուսացում ու նմանատիպ այլ նպատակներ»։

Ըստ Արման Սաղաթելյանի՝ անընդհատ անցյալից կառչելը ցույց է տալիս, որ իշխանությունը ոչ միայն ներկայի անելիքներից չի հասկանում, այլև՝ ապագայի․ «Մենք ու՞ր ենք գնում որպես պետություն, ու՞ր են ծրագրերն ու նպատակները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել