Նախքան հունվարի 29-ի Հարավային Կարոլինայի նախնական ընտրությունն ու մարտի 3-ի «Մեծ երեքշաբթին» («Super Tuesday», որի ժամանակ ԱՄՆ-ի թվով ամենաշատ նահանգներում կկայանան նախնական ընտրություններ) նոյեմբերի 25-ին կայացավ դեմոկրատական կուսակցության վերջին բանավեճը։

Այս բանավեճին մասնակցում էին Թոմ Սթեյերը, Էմի Կլոբուշարը, Ջո Բայդենը, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Փիթ Բութիջիջը և Մայք Բլումբերգը։ Ներկա էին այժմ ընտրապայքարի մեջ գտնվող բոլոր թեկնածուները՝ բացառությամբ Թուլսի Գաբբարդի։

Բանավեճի ընթացքում իր խոսելաժամանակով բոլորից առաջ անցավ Բերնի Սանդերսը, ում հաջորդում են Մայք Բլումբերգը, Էմի Կլոբուշարը, Էլիզաբեթ Ուորենը, Ջո Բայդենը, Փիթ Բութիջիջը և Թոմ Սթեյերը։ Նման արդյունքը բնավ պատահական չէր, քանզի թեկնածուների մեջ այժմ ակնհայտ առաջատարը հենց սենատոր Սանդերսն է։
Այս բանավեճին ընթացքում թեկնածուները շատ հաճախ գերազանցում էին իրենց տրված խոսելաժամանակը, միմյանց ընդհատում կամ խոսում միաժամանակ այն աստիճան, որ բանավեճի ընթացքում հաղորդավարը նկատողություն արեց թեկնածուներին՝ «կոչ անելով հարգել բանավեճի կանոնները»։

Առանձնացնենք բանավեճի կարևոր դրվագները․

✔ Այս բանավեճի գլխավոր թիրախը դարձավ Բերնի Սանդերսը, ինչը բնական է, քանզի հենց նա է առաջատարը դեմոկրատ թեկնածուների շրջանում։ Բերնի Սանդերսին ուղղված քննադատություններից մեկը վերաբերում էր «The Washington Post»-ի կողմից Նևադայի ընտրություններից մեկ օր առաջ հրապարակված այն տեղեկություններին, որ, ըստ ԱՄՆ հետախուզական ծառայությունների, Ռուսաստանը փորձում է աջակցել Սանդերսի քարոզարշավին։ Ինքը՝ Սանդերսը նշեց, որ տեղեկացվել էր մեկ ամիս առաջ, և նմանատիպ բրիֆինգներ հաճախ է ունենում, որոնք չի հանրայնացնում։ Իսկ բանավեճին խոսքն ուղղեց հենց ՌԴ նախագահ Վ․ Պուտինին՝ նշելով․ «Եթե ես նախագահ ընտրեմ, հավատացած եղեք, որ դուք այլևս չեք միջամտի ամերիկյան ընտրություններին»:

✔ Այս անգամ ևս սենատոր Ուորենի գլխավոր թիրախը Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայք Բլումբերգն էր (թեև Բերնի Սանդերսը նույնպես զերծ չմնաց նրա քննադատությունից)։ Նախ՝ սենատոր Ուորենը նրան որակեց որպես «ամենառիսկային թեկնածու», քանզի ժամանակին Բլումբերգը ֆինանսավորել է հանրապետական թեկնածուների քարոզարշավները, մասնավորապես՝ անդրադարձ եղավ հենց Հարավային Կարոլինա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Լինդսի Գրահամին, իսկ ինչն առավել հետաքրքրական է, Բլումբերգը 2012թ. ֆինանսական աջակցություն է նաև տրամադրել այն հանրապետական թեկնածուին, ով պայքարում էր հենց Ուորենի դեմ։

 Ուորենը նաև հերթական անգամ Բլումբերգին քննադատեց կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Լուրջ մեղադրանք հնչեցնելով առ այն, որ Բլումբերգն իր կազմակերպության աշխատակցուհիներից մեկին, ով հղի էր, կոչ էր արել «սպանել նրան»։ Ի պատասխան այդ մեղադրանիքին՝ Մայք Բլումբերգը նշեց, որ երբեք նման բան չի ասել։

 Նախկին փոխնախագահ Բայդենը, կրկին ավանդույթի համաձայն, շփոթում էր թվերը։ Սանդերսի հետ զենգի վաճառքի վերահսկողության հարցը քննարկելիս փոխնախագահ Բայդենը նշեց, որ 2007թ․-ից ի վեր 150 միլիոն մարդ է սպանվել, մինչդեռ հենց 2007թ․-ին Բերնի Սանդերսը կողմ էր քվեարկել մի օրենքի օգտին, որը զենք արտադրողներին մահացությունների դեպքերում շնորհում էր անձեռնմխելիություն։ Իր այս մեկ դիտարկման մեջ Բայդենը երկու թիվ սխալ նշեց, առաջին՝ այդ օրենքի օգտին քվեարկել են ոչ թե 2007թ․-ին, այլ 2005թ․-ին, իսկ երկրորդը՝ զոհերի թիվը ոչ թե 150 միլիոն էր, այլ 473,993։ Ի վերջո Բայդենի քարոզչական թիմը CNN-ի դիտարկմանն ի պատասխան ընդունել է, որ Բայդենը պարզապես վրիպել է։

 Բանավեճին անդրադարձ եղավ նաև կորոնավիրուսի բռնկման հարցին։ Թեկնածուներից Կլոբուշարը, Բայդենը և Սանդերսը իրենց մոտեցումներն առաջարկեցին այդ համաճարակի դեմ պայքարի հարցում։ Երեքն էլ կողմ էին Հիվանդության վերահսկման կենտրոններին և Առողջության ազգային ինստիտուտներին ֆինանսական աջակցության ծավալներն ավելացնելուն։ Նրանք կողմ էին նաև համաշխարհային համայնքի հետ համատեղ գործելուն, որպեսզի լուծեն այս խնդիրը։

 Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցին անդրադառնալիս հակառակ տեսակետներ արտահայտեցին թեկնածուներ Էլիզաբեթ Ուորենն ու Մայք Բլումբերգը։ Երբ Ուորենը կողմ էր զորքերի դուրս բերմանը, Բլումբերգը նման դիրքորոշումը որակեց որպես անպատասխանատու՝ նշելով, որ որոշ զորք պետք է մնա ահաբեկիչների դեմ պայքարելու համար։

 Արտաքին քաղաքական մեկ այլ թեմա վերաբերում էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ թեկնածուների հնարավոր հանդիպմանը։ Էմի Կլոբուշարը նշեց, որ կհանդիպեր, բայց ոչ այնպես, ինչպես նախագահ Թրամփն արեց, իսկ Ջո Բայդենը նշեց, որ այդ հարցում անհրաժեշտ է Չինաստանի աջակցությունը։ Հարցի շուրջ փոխնախագահն այնքան ծավալուն պատասխան տվեց, որ անգամ ժամանակը չբավարարեց․ փոխնախագահը ընդհատեց խոսքը և իր դժգոհությունն արտահայտեց առ այն, որ մյուս բոլոր թեկնածուները այդ կանոնը ողջ բանավեճի ընթացքում խախտել են։

✔ Անդրադարձ եղավ նաև այն հանգամանքին, որ նախագահ ընտրվելու պարագայում Սանդերսը կդառնա ԱՄՆ առաջին հրեա նախագահը, մինչդեռ ամերիկայի հրեաները նրան իսրայելամետ չեն համարում։ Սանդերսը պատասխանեց, որ հպարտ է հրեա լինելով, սակայն ցավում է, որ ներկայումս Իսրայելը ղեկավարվում է հետադիմական ռասիստ Նեթանյահուի կողմից։ Ըստ Սանդերսի՝ անհրաժեշտ է ոչ միայն աջակցել Իսրայելին, այլ նաև հաշվի առնել Պաղեստինի ժողովրդի տառապանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել