Ուրեմն Հայաստանի առողջապահության նախարարն իր ֆեյբուքյան էջում գրել ա, որ իր հանձնարարությամբ համաճարակաբան է գործուղվել Թեհրան, ուշադրություն, «ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ՝ ԻՆՔՆԱԹԻՌ ՆՍՏԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂՈՒՄ ՍՏՈՒԳԵԼՈՒ և ՀՐԱՀԱՆԳԱՎՈՐԵԼՈՒ ՆՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ»:
Կներեք, իսկ Թեհրանի օդանավակայանում մարդկանց զննելու և հրահանգավորելու իմաստը ո՞րն է, չէ՞ որ ով էնտեղ նստեց ինքնաթիռ, անխուսափելիորեն հայտնվելու է «Զվարթնոցում», հաստատ օդում կեսից չի իջնի, որ հետքը կորցնեն: Դրա փոխարեն կազմակերպեիք՝ բոլորին նստեցումից առաջ դիմակներ բաժանեին:
Մի հարց էլ. իսկ ինչո՞ւ մենակ Թեհրան։ Եթե հորինել եք համաճարակի մուտքը կանխելու նման «նորարարական» եղանակ, ուրեմն մասնագետներ ուղարկեք նաև Միլան և Հռոմ՝ «Ռայնէյերի» չվերթները հսկելու, անպայման Շերեմետևո օդանավակայան՝ Մոսկվայով եկող բոլոր տարանցիկ չվերթները հսկելու, այդ թվում՝ նաև Հարավային Կորեայից, և այդպես մի 40-50 երկիր ու օդանավակայան:
Արսեն Թորոսյանը գրել է նաև, որ «Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ»: Այսինքն՝ Մեղրիի սահմանային անցակետով մուտք գործած բոլոր բեռնատարների վարորդներին կցում են մեկական համաճարակաբան և ոստիկան, որոնք նրանց ստվերի պես հետևում են, նրանց հետ ճաշում, քնում հյուրատանը, գնում մաքսային տերմինալ, բեռնաթափում անում ու հետ գալիս Մեղրի՞ : Վերջապես սուտն ու պոպուլիզմը գոնե պարզ տրամաբանական վերլուծության պիտի դիմանա՞ն, թե՞ չէ:
Մի բան գրելուց կամ հանձնարարելուց առաջ մի քիչ մտածեք, պարոնայք: Բեմադրված շոուներով կորոնավիրուսի ներթափանցումը չեք կանխարգելի, իսկ դրա համար պատասխանատու եք պաշտոնով: