Անիմաստ է, որ Հայաստանում առողջ մարդիկ կորոնավիրուսի կանխարգելման համար փողոցներում դիմակ կրեն: Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով՝ վիրուսների կանխարգելման համար կարեւոր է հետեւել անձնական հիգիենային եւ, որքան հնարավոր է, հաճախ լվալ ձեռքերը: Դիմակ պետք է կրել այնտեղ, որտեղ աշխատում են հիվանդ մարդկանց հետ:
Վանյանը խոստովանեց, որ Հայաստանում, ինչպես շատ այլ երկրներում, կա բժշկական դիմակների պակաս, եւ դրա պատճառը բնակիչների շրջանում խուճապն է: Առողջապահության նախարարության մոտ, նրա խոսքով, կա մոտ 160 000 դիմակ, եւ այժմ աշխատանքներ են տարվում հավելյալ դիմակներ գնելու ուղղությամբ, որպեսզի առողջապահության համակարգը որեւէ պակաս չունենա:
Ինչ վերաբերում է N95 շնչադիմակներին, ապա դրանք, մասնագետի խոսքով, սովորաբար կրում են բժիշկները: Ընդ որում, նման դիմակներով շնչելն ավելի դժվար է, քան սովորական բժշկական դիմակներով: Հայաստանում նման դիմակներ գտնելը գրեթե անհնար է, սակայն, մասնագետների խոսքով, քաղաքացիներին դրանք պետք չեն: