168.am-ը գրում է․

«Չնայած ԼՂ հակամարտության կողմերի միջև հանդիպումներին, կարգավորման  հեռանկար չեմ տեսնում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով սիրիական Իդլիբի շուրջ ծավալվող ռուս-թուրքական լարվածությանը, դրա ազդեցությանը տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա:

Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ փետրվարի 3-ից Սիրիայի Հյուսիսում Ասադի ուժերի և թուրքական ուժերի միջև բախումները, լարվածությունը դեռ շարունակվում է Կառավարական բանակի հաջողություններով: Ըստ նրա, Սիրիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք հաղթանակներ են ունեցել այս շրջանում, թեև, այս ամենին զուգահեռ՝ շարունակվում են Էրդողանի՝ շատ ավելի լայնամասշտաբ ռազմական հակազդեցության սպառնալիքները և Արևմուտքի հետ շփումները՝ այս խնդրում աջակցություն ստանալու նպատակով:

«Թուրքիան Արևմուտքին սպառնում է ավելի մեծ միգրացիոն ճգնաժամով, քան եղավ 2015 թվականին, որից հետո ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի, ԵՄ-ի մի շարք պաշտոնյաներից քննադատություններ ուղղվեցին Ասադի վարչակազմին և Ռուսաստանին, որը աջակցում է Ասադին Իդլիբը վերջին գրոհայիններից ազատելու գործում: Եվ թեև շահերը շատ մեծ են, Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են դիվանագիտական ջանքեր ներդնել իրավիճակը ինչ որ կերպ մեղմելու համար, նպատակներն այնքան տարբեր են, որ լարվածությունը չի մարում: Ակնհայտ է, որ Իդլիբի կարգավիճակի շուրջ կողմերը չեն կարողանում գալ համաձայնության, Թուրքիան ցանկանում է Իդլիբը պահպանել՝ որպես զինված ընդդիմության մշտական բազա՝ ազատելով նաև դեէսկալացիոն գոտին կառավարական  բանակի ազդեցությունից:

Բնականաբար, գլխավոր վտանգը, որն ունի այս իրավիճակը, ռուս-թուրքական ուղիղ բախումն է, նման իրավիճակներում ես սովորաբար ոչինչ չեմ բացառում հատկապես, երբ լիակատար հաղթանակի համար Կառավարական ուժերին շատ քիչ է մնացել, իսկ զինյալ խմբավորումները չեն ցանկանում էլ ավելի մեծ վնասներ կրել, սակայն ներկայումս Իդլիբի շուրջ սուր բախումները թուրքական-զինյալ ուժերի և կառավարական բանակի միջև շարունակվում են: Երկուշաբթի օրվանից զինյալ ուժերը թուրքական զինվորականների և զինտեխնիկայի աջակցությամբ սկսեցին հարձակում Իդլիբում սիրիական բանակի ուղղությամբ, որը ետ մղվեց, սակայն վերջին տեղեկությունն այն է, որ Նեյրաբից կառավարական ուժերը  հետ են մղվել: Բայց պայքարը շարունակվում է, և ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Վերջինս չբացառեց ռուս-թուրքական բախումը, որը կարող է ունենալ ազդեցություն ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի կամ բանակցային գործընթացի վրա: Պավել Ֆելգենգաուերը չի բացառում, որ ԼՂ հակամարտությունը՝ թե բանակցային գործընթացը,  թե գոտում տիրող իրավիճակը, տուժեն Ռուսաստանի և Թուրքիայի կամ ավելի մեծ երկրների առճակատման պատճառով:

«Նման դրվագներ մշտապես եղել են  և կարող են լինել, ես այդ մասին շատ եմ խոսել: ԼՂ հակամարտության գոտում վերջին լարվածությունը եղել է ռուս-թուրքական հարաբերությունների սրման փուլում: Բայց նշեմ նաև, որ լարման շատ ավելի սուր փուլեր են եղել, որոնք շրջանցել են Ղարաբաղյան հակամարտությունը»,- նշեց Ֆելգենգաուերը:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացից՝ Ֆելգենգաուերը, որպես դրական հանգամանք, նշեց այն, որ կողմերը հանդիպում են թե նախարարների, թե ղեկավարների մակարդակով: «Սակայն որևէ տեղաշարժ, կարգավորման հեռանկար չեմ տեսնում, քանի որ կողմերի դիրքորոշումները հակասում են իրար, և դա հաստատվեց նաև վերջին հանրային քննարկման ընթացքում: Կարծում եմ՝ լուծումը ենթադրում է գիտակցում, որ հարկավոր են զիջումներ, սակայն ենթադրվող զիջումները յուրաքանչյուր կողմից չափազանց արժեքավոր են կողմերի համար, ուստի, կարծում եմ, կողմերը պետք է շարունակեն շփումները՝ թույլ չտալու համար շփման գծում իրավիճակի լարում տարատեսակ միջոցառումներով»,- ասաց Ֆելգենգաուերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել