Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող 12 հազարամյա քաղաքը ջրի տակն է անցնելու: Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Տիգրիսի ափին գտնվող Հասանղայֆը մոտ ժամանակներս կանհետանա: Այստեղ ավարտվում է նոր հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Քաղաքի հետ միասին կհեղեղվեն նաեւ 4 հազար քարանձավներից բաղկացած հնագիտական հուշարձանը եւ մոտակա գյուղերը, ընդհանուր 199 տնով:
Այս շրջանը հիմնականում բնակեցված է քրդերով: Էկրեմ Յըլմազը դեռ չգիտի, թե ուր կգնա, որպեսզի կերակրի իր ընտանիքը: Նա 8 երեխա ունի: «Ես կմնամ այստեղ այնքան, որքան կկարողանամ, բայց երբ ջուրը գա, ես այլեւս ընտրության հնարավորություն չեմ ունենա»,- ասել է նա:
«Իլիսու» ամբարտակը համարյա պատրաստ է: Ջրամբարը լցված է 20%-ով, իսկ ՀԷԿ-ն իր աշխատանքը կսկսի արդեն մարտին: Ծրագրվում է, որ այն կարտադրի երկրի էլեկտրաէներգիայի 4%-ը:
Նոր Հասանղայֆում՝ գետի մյուս ափին արդեն կառուցվել են 760 տիպային շենքեր, մզկիթ, դպրոց, առեւտրի կենտրոն եւ թանգարան:
Ահմեդ Ակենդիզը սկզբում դեմ էր կառավարության ծրագրին, սակայն հետո փոխեց իր կարծիքը: Նա ասում է, որ իշխանություններն իր խանութի եւ տան համար լավ գին են վճարել: Այդ գումարով նա Նոր Հասանղայֆում լավ բնակարան է գնել:
«Երբ ջրամբարը լցվի, տուրիզմը զարգանալու ազդակ կստանա: Մարդիկ կգան, որ նավակներով լողան: Ես լսել եմ, որ ափերն իրար է կապելու ճոպանուղին»,- ասում է Ահմեդ Ակդենիզը:
Ակտիվիստների եւ բնապահպանների բողոքի ակցիաների պատճառով ծրագրին մասնակցությունից հրաժարվել են եվրոպացի ներդրողները:
Տեղացիների մեծամասնությունն արդեն լքել են իրենց տները: Բայց չնայած թուրքական իշխանությունների խոստումներին, մի քանիսն այդպես էլ չեն ընդգրկվել տեղահանվածների ցուցակում եւ այժմ չգիտեն ուր գնան: