ՀՀ ՊԵԿ-ը «ՀԴՄ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇԱԿԻ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որում նշում է այն ռիսկերի մասին, որոնցից պետք է խուսափի տնտեսվարող սուբյեկտը ՀԴՄ սարքեր ձեռք բերելիս:

Լավ է, որ կա նախազգուշացում, սակայն մի քանի հարց, այնուամենայնիվ, կարծես մնում է անպատասխան:

ՊԵԿ-ը ՀԴՄ սարքերի համար ներկայացվող օրենսդրության պահանջների բավարարման պատասխանատվությունը թողնում է սարքը վաճառող ընկերությանը: Արդյո՞ք միայն հայտարարություն տարածելը բավարար է, որպեսզի կանխարգելվի ներկայացվող պահանջներին չբավարարող սարքերի մուտքը շուկա: Տպավորություն կա, որ այստեղ էլ է նկատվում պատկան մարմինների կողմից պատասխանատվության բաշխում շահառուների միջև:

ՀԴՄ-ների շուկայի ազատականացման արդյունքում որքանո՞վ են վերահսկելի լինելու սարքերի վաճառքի գները տնտեսվարողներին:

Էստեղից բխող մեկ այլ հարց. որքանո՞վ է այս պահին բիզնեսն արձագանքել ՀԴՄ սարքերի շուկայի ազատականացմանը: Հիշեցնենք, որ շուկայի ազատականացման որոշումը եղել է 2019թ.-ից, սակայն այն ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով բիզնեսը չէր արձագանքել ազատականացմանը (ըստ ՊԵԿ նախագահի՝ մեկ կազմակերպություն էր միայն ՀԴՄ սարքեր ներկրելու պատրաստակամություն հայտնել):

Կարո՞ղ ենք ՊԵԿ այս հայտարարությունն ընդունել հիմք առ այն, որ բիզնեսին պահանջվող ՀԴՄ սարքերի գոյություն ունեցող պակասուրդի հարցն արդեն լուծված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել