Pastinfo.am-ը գրում է․

Ավելի քան 10 թուրք զինվորական է զոհվել սիրիական Իդլիբում՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածի հետեւանքով: Այս մասին հայտնում է РИА Новости - ն՝ հղում անելով Թուրքիայի ռազմական կառույցներում իր աղբյուրին։

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ սպանվել է 13 զինծառայող, սակայն դա նախնական թիվ է։  Միեւնույն ժամանակ լրագրող եւ ռազմական վերլուծաբան Բաբակ Թագվեյը Twitter-ում ճշտում է, որ զոհվածները առնվազն 12-ն են և նրանց մեջ կան ինչպես զինվորներ, այնպես էլ ահաբեկիչներ:

Մինչդեռ Թուրքիան սիրիական ընդդիմության հետ համատեղ Իդլիբի Նայրաբ քաղաքում հարձակվել է Սիրիայի բանակի վրա։  Փետրվարի 20-ին Անկարան արդեն սատարել է գրոհայինների հարձակումը տարածաշրջանում կառավարական ուժերի վրա, սակայն այն բանից հետո, երբ Մոսկվան նրան մատնանշել է դա՝ դադարեցրել է աջակցությունը:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Իդլիբի 18 բնակավայրերին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան գործում է Թուրքիայի հետ պայմանավորվածությունների համաձայն, որոնք չեն արգելում պատասխան հարվածներն այդ տարածաշրջանում ահաբեկիչների ակտիվ գործողություններին: Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս պլանավորվում է մի շարք բանակցություններ, որոնք թույլ կտան կայունացնել իրադրությունը ապաէսկալացիայի գոտում:

Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ վեճերը սրվել են տարեսկզբին, երբ Դամասկոսի ուժերը Մոսկվայի աջակցությամբ Իդլիբում հարձակվել են ահաբեկիչների վրա: Անկարան գտնում է, որ ռազմական գործողությունները սկսվել են ի վնաս թուրքական կողմի, քանի որ անխուսափելիորեն կավելացնեն փախստականների հոսքը ։  Ի պատասխան թուրքական բանակը փետրվարի 20-ին լայնածավալ հարձակում է իրականացրել, սակայն կանգնեցվել Է սիրիական զորքերի կողմից ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել