Թվում է, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության ներսում ամեն բան հոյակապ է։ Նրանց ձեռքում են գտնվում օրենսդիր, գործադիր իշխանությունները, և հնարավոր է մոտ ապագայում նաև դատական իշխանությունն ամբողջությամբ։
Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ովքեր են այդ պաշտոնյաները, և որքանով է արդարացված նրանց խորհրդարանում, կառավարությունում և ապագայում գուցե Սահմանադրական դատարանում գտնվելը։ Օրենսդիր իշխանության վերջին մեկ տարվա աշխատանքին հետևելով` պարզ է դառնում, որ խորհրդարանում գտնվող իմքայլական պատգամավորների զգալի մասը չունի գոնե բավարար գիտելիքների մակարդակ` պետության, քաղաքացիների շահերը պաշտպանելու և ներկայացնելու համար։
Այս ամենի մասին է խոսում ԱԺ նիստերի ժամանակ շատերի անբովանդակ, տկար, անգրագետ ելույթները, որոնք ծաղրի առարկա են դարձնում ներկա իշխանություններին։ Իրենց անուս, ոչ կոմպետենտ, անպատասխանատու հայտարարությունների պատճառով քննադատությունների է արժանանում մեր երկիրը տարբեր միջազգային կառույցների կողմից։
2018 թվականի վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագ ընթացակարգերով արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելով` հնարավորություն չունեցավ կադրային ճիշտ քաղաքականություն վարել կամ այլ շարժառիթներ էին առկա, որ այսպիսի կադրերով լցրեց խորհրդարանը։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնվեցին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով ընտրված և իր հետ Գյումրիից Երևան քայլած քաղաքացիներն ու նրանց ընկերները, բարեկամները, ինչպես նաև այն օտար աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչներն ու ակտիվը, ովքեր աջակցել էին «հեղափոխությանը»։
Վերջիններս իրենց պահանջատիրոջ կարգավիճակում են զգում, և չափազանց բարդ է լինելու Նիկոլ Փաշինյանի համար նրանցից ազատվելը, եթե, իհարկե, ցանկություն ունենա գնալու նման քայլի։ Իսկ մյուս հատվածի որոշ ներկայացուցիչների մասով անպայմանորեն հրահանգելու է, որ ազատեն խորհրդարանն իրենց ներկայությունից, քանի որ չի կարող օրենքներից մոտավորապես գաղափար ունեցող, անընդունակ մարդկանց հետ միասին իշխանություն պահել, պետություն հզորացնել, եթե, իհարկե, դրան է միտված իր քաղաքականությունը:
Այդ երեսփոխաններն իրար հերթ չեն տալիս, որ ամենօրյա ռեժիմով «հանճարեղ» մտքեր արտահայտեն և շատ հաճախ նույնիսկ ատելության քարոզ տանեն, հակաօրինական կամ հակասահմանադրական նախաձեռնություններով հանդես գան, ինչպես որ վերջերս ականատես եղանք, երբ ՍԴ դատավորներին փոխելու համար օրինագիծ էին ներկայացրել Ազգային ժողովի օրակարգ, որը հայաստանյան իրավաբանների ու իրավապաշտպանների գերակշռող մասի կողմից հակասահմանադրական որակվեց և խիստ գնահատականների արժանացավ ԵԺԿ-ի, ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի կողմից։
Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ «լքվածները» պաշտոններից ազատվելուց հետո «սևերի»-ի պիտակավորումներ կստանան, ինչպես շատերի դեպքում ականատեսը եղանք, երբ Փաշինյանն ազատեց աշխատանքից։ Այս ամենի պատասխանը կտա ժամանակը, բայց օրհասական է դարձել վարչապետի համար այդպիսի անընդունակ պատգամավորներից ազատվելը, եթե չի ցանկանում նման տգետների պատճառով մսխվի, մաշվի իր իշխանությունը։
Հ.Գ. Հուսով եմ, որ ապագայում ՀՀ-ում իշխանության եկած ուժերը նման անառողջ կադրային քաղաքականություն չեն իրականացնի, այլ խորհրդարանում կունենանք իրապես կիրթ, պրոֆեսիոնալ, փորձառու, պետականամետ պատգամավորներ, որոնք կնպաստեն պետության զարգացմանը, հզորացմանը։ Ճիշտ ընտրված կադրային քաղաքականությունն է նպաստում երկրի զարգացմանը, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի։