Երազախաբությունը (պոլյուցիա) ակամա սերմնահոսությունն է, որը սովորաբար տեղի է ունենում էրոտիկ երազների դեպքում և առավել հաճախ նկատվում է պատանեկան տարիքում:
Սովորաբար դադարում է կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո։ Երազախաբությունը բնականոն վիճակից շեղում չէ, այն վկայում է սեռական գեղձերի կանոնավոր հորմոնային ակտիվության մասին։ Երազախաբության հաճախացումը (եթե առաջանում է ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ), առանց վերը նշված պատճառների և սեռական կյանքի սովորական ռիթմի պայմաններում, վկայում է սեռական ոլորտի խանգարման մասին։ Այդ դեպքում պետք է դիմել մասնագետ բժշկի։
Երազախաբություն լինում է էրոտիկ (տարփական) երազներ տեսնելու դեպքում և չի ընդհատում քունը։ Բացի գիշերայինից, կարող է լինել նաև ցերեկային երազախաբություն, որն առաջանում է արթուն վիճակում՝ մեծ մասամբ բնական սեքսուալ-էրոտիկ գրգռվածության պամաններում, առանց սեռական մերձեցման (հաճախ գրկախառնվելիս, համբուրվելիս, երբեմն էլ՝ տեսողական տպավորության տակ, օրինակ՝ մերկ կնոջ մարմին տեսնելիս)։ Ցերեկային երազախաբությունը կարող է առաջանալ նաև ոչ սեքսուալ գրգռիչների ազդեցությունից, առավել հաճախ՝ ուժեղ հույզերի (օրինակ՝ վախի), ինչպես նաև տրանսպորտային թրթռումների դեպքերում, մարմնամարզական վարժություններ կատարելիս և այլն։ Հեշտանքի զգացման առաջացման հետ առաջին երազախաբությունները վկայում են սեռական հասունացման սկսվելու մասին, որոշ մասնագետներ տղաների առաջին երազախաբությունը համեմատում են աղջիկների առաջին դաշտանի հետ։
Հասուն տղամարդկանց գիշերային երազախաբությունը, որպես կանոն, սեռական ժուժկալության հետևանք է։ Այն ապահովում է սերմնահեղուկի պարբերաբար արտահոսքը և թեթևացնում զսպվածության ծանր դրսևորումները (հոգեկանի սևեռումը սեքսուալ թեմայի վրա, ինքնակամ էրեկցիան և այլն)։ Առաջին երազախաբության առաջացումը և դրա հաճախությունը պայմանավորված են անհատական բնածին առանձնահատկություններով (մարմնակազմվածք, խառնվածք և այլն), ընդհանուր առողջական վիճակով, ապրելակերպով և հետաքրքրություններով:
Համաձայն ժամանակակից սեքսոլոգիայի տվյալների` երազախաբություն նկատվում է նաև կանանց մոտ։ Դա կապված է արգանդի և բարթոլինյան գեղձերի արտազատուկի ժայթքման հետ։ Նման երազախաբություն առավել հաճախ դիտվում է սովորական սեռական կյանքով չապրող կանանց մոտ։
Դեռահասների և պատանիների երազախաբությունը լինում է շաբաթը մոտ 1, տղամարդկանցը՝ ամիսը 1 անգամ։ Որոշակի հանգամանքներում առողջ տղամարդու մոտ կարող է ընդհանրապես երազախաբություն չլինել։ Սակայն սեռական զսպվածության շրջանում երազախաբությունները հաճախակի են դառնում։ Բնականոն երազախաբությունը առողջությանը չի վնասում և սովորաբար չի ուղեկցվում տհաճ զգացողություններով։ Երազախաբությունից հետո որոշ պատանիների մոտ առաջացող տկարությունը, ընկճվածությունը, թուլությունը սովորաբար երազախաբության մասին սխալ պատկերացման հետևանք են, թե այն ինչ-որ հիվանդության դրսևորում է։ Սեփական առողջության համար վախի այդ զգացումն արագորեն անցնում է համապատասխան պարզաբանումներից հետո։