«Աղդամը մեր հայրենիքը չէ»․ Սերժ Սարգսյանի այս խոսքը դարձավ թևավոր, բայց, ցավոք, կորցրեց այն ազգագրագիտական ու առասպելաբանական կոնտեքստը, որի արդյունքում ծնվել էր։
Հայկական ԽՍՀ բնակիչներն Աղդամի մասին առանձնապես չէին էլ լսել, բայց այ ԼՂԻՄ բնակիչների համար Աղդամն առանձնահատուկ էր։ Դա Ղարաբաղի կոկորդին դրված ադրբեջանական դանակ էր․ բառիս բուն իմաստով՝ ավազակների ու հանցագործների որջ։ Եթե կուզեք, դա աղբյուրի վրա կանգնած ու զոհեր պահանջող դև էր։
Տասնամյակներ շարունակ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը թվում էր մարած ու անցյալի հեռավոր մի թյուրիմացություն։ Թվում էր, թե գտնված էր լուծում, որն «ընդունելի էր Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»©։ Չկար կոնֆլիկտ, կար աշխատավորների անխախտ բարեկամություն, հայ-ադրբեջանական եղբայրություն, Հեյդար Ալիև Սարդարապատում և, վերջիվերջո, այդ բարեկամության «նաշը ֆսյո» Զեյնաբ Խանլարովա։
Ու միայն այստեղ՝ Ասկերան-Աղդամ 15կմ-անոց հատվածում էր, որ անզեն աչքով երևում էր եռացող թշնամությունը։ Այստեղ՝ Աղդամին նայելիս էր, որ ակնհայտ էր դառնում, որ ժողովուրդների «բարեկամության» հաջորդ էտապն անխուսափելի պատերազմն է։ Պատերազմ, որը հենց այդ 15 կմ-անոց հատվածում էլ սկսվեց։
Հայաստանին վերամիավորվելու ղարաբաղցիների պահանջին ի պատասխան՝ աղդամցիների 8000 հոգանոց մի ամբոխ շարժվում է դեպի Ասկերան՝ «հայերին պատժելու», իսկ նրանց դիմավորում են ինքնապաշտպանության պատրաստ հայերը։
Աղդամցիների ասկերանյան այդ առաջին «արշավանքն» ավարտվեց երկու ադրբեջանցիների սպանվելով։ Սպանվածներից մեկին իր ծառայողական ատրճանակով գնդակահարում է տեղում ծառայություն իրականացնող ադրբեջանցի ոստիկանը, իսկ երկրորդի մահվան հանգամանքները հայտնի չեն մինչև այսօր։
1988 թվականի փետրվարի 22-ի այս լուսանկարներում հենց այդ դեպքերն են։ Մոտակայքում ինչ-որ մի տեղ իր ծառայողական պարտքը կատարող ադրբեջանցի ոստիկանն է, որին վիճակված է արձակել վերահաս պատերազմի առաջին կրակոցը։ Հետաքրքիր է, թե ինչ եղավ նրա հետ հետագայում։ Միգուցե դեռ ողջ է, իսկ միգուցե զոհվել է պատերազմում, միգուցե հենց Աղդամի համար մղված մարտերում։
Այդ դեպքերի մասին այդ օրը հայտնում են Կենտրոնական հեռուստատեսությամբ՝ առանց մատնանշելու երկու ադրբեջանցիների զոհվելու իրական հանգամանքները։ Ու դրանից հետո արդեն սկսվեց շղթայական ռեակցիան, ու լայնամասշտաբ պատերազմի հետհաշվարկը։ Եղան Սումգայիթը, Բաքուն, Կոլցոն, եղան ծանր պարտություններ ու հաղթանակներ։
Այդ օրից կանցնի 5.5 տարի։ 5.5 տարվա ընթացքում աղդամցիները մի քանի անգամ կձեռնարկեն ասկերանյան նոր «արշվանանքներ»։ «Թուրքերն ուզում էին մտնել Ասկերան, բայց այս կերան»,- կասի հայ մարտիկներից մեկը՝ ցույց տալով, թե ինչ կերան թուրքերը։ Քաղաքի անվան հոյակապ ստուգաբանություն, որին թերևս Աճառյանն էլ կնախանձեր։
5.5 տարի հետո Վիտալի Բալասանյանն իր Ասկերանի պաշտպանական շրջանը կտանի՝ հավիտյանս հողին հավասարեցնելու Ադրբեջանի երրորդ քաղաքը։ Հարավից վրեժխնդրության այդ խրախճանքին ու արդարադատության կայացմանը կմիանա Մովսես Հակոբյանն, ով Մոնթեի զոհվելուց հետո գլխավորում էր Մարտունիի պաշտպանական շրջանը, իսկ հյուսիս-արևմուտքից էլ՝ Կենտրոնական պաշտպանական շրջանը՝ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ։
Բայց այդ ամենը կլինի 5.5 տարի հետո։ Իսկ լուսանկարների աղդամցիները նույնիսկ վատագույն մղձավանջում չեն պատկերացնում, որ ոչ թե իրենց, այլ ասկերանցիներին է տրված դատելու ու պատժելու իրավունքը՝ տրված ի վերուստ ու զենքի ուժով։
«Աղդամը մեր հայրենիքը չէ»,- ասում էր Սերժ Սարգսյանը։ Ինձնից տարիներ պահանջվեցին սա հասկանալու համար։ Տարբեր մարդկանց, այդ թվում՝ ադրբեջանցիների հուշեր կարդալ ու լսել, մինչև սկսեցի ըմբռնել, թե ինչ սիմվոլիկա ուներ այդ քաղաքը հայերի ու ադրբեջանցիների համար։
Հետո, երբ ես եղա Աղդամում, այդտեղ առաջին անգամ արյամբ զգացի, որ ոչ, սա մեր հայրենիքը չէ։ Սա մեր ռազմավարն է։ Հին ժամանակներում թշնամուն հաղթելուց ջարդում ու գերի էին տանում նաև թշնամու աստվածների, կուռքերի արձանները։ Աղդամը հայատյացության ադրբեջանական կուռքն է, որը մենք գերեվարել ենք։
Այսօր փետրվարի 22-ն է։ Ինչ-որ իմաստով 32 տարի առաջ հենց այս օրը սկսվեց Ղարաբաղյան պատերազմը։