1in.am-ը գրում է.

Գալուստ Սահակյանը երեկ Արարատի մարզպետարանի գյուղվարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալության կապակցությամբ հայտարարել է՝ եթե որևէ մեկը հանցանք է կատարում, ՀՀԿ-ն պատժում է: Նկատեցի՞ք՝ ոչ թե պետությունն է պատժում, այլ ՀՀԿ-ն: 

Հայաստանում պետությունն ու իշխող կուսակցությունը ոչ մի կերպ օրենքով նույնականացված չեն: Այսինքն՝ Հայաստանում պատժողը պետությունն է, այսինքն՝ իրավապահ համակարգը, դատարանը, ոչ թե ՀՀԿ-ն, որը ընդամենը մեկն է քաղաքական ուժերից, որոնք մասնակցում են ընտրություններին և հաղթում կամ չեն հաղթում, ինչ-որ մասով մտնում են կառավարության մեջ կամ չեն մտնում: 

Սակայն սա՝ ֆորմալ տեսանկյունից: Իսկ իրականում ՀՀԿ-ն իրեն վաղուց է նույնականացրել պետության հետ և հայտարարել, որ պետությունն էլ, իշխանությունն էլ, իսկ վերջերս արդեն՝ ընդդիմությունն էլ ինքն է: Եվ չնայած որևէ բանական ուղեղ այս ամենը լսելուց հետո պարզապես կկախվեր, երբ իշխող կուսակցությունը մեկ հայտարարում է, որ ընդդիմության ֆունկցիա է կատարում, մեկ հայտարարում է, որ պատժում է օրինազանցներին, այնուամենայնիվ՝ Հայաստանի դեպքում սա արդեն վաղուց զարմանալի չէ, այլ դառը իրականություն: 

Եվ ահա քանի որ օրենքը, պետությունը չէ պատժողը, այլ իշխանությունը յուրացրած քաղաքական ուժը, մի դեպքում հանցագործը պատժվում է, իսկ մեկ այլ դեպքում՝ արդարացվում ինքնապաշտպանության մոտիվներով: Այսինքն՝ եթե պատժում է ՀՀԿ-ն, ապա հանցանքն էլ չափվում է ՀՀԿ-ի ներքին օրենքներով: Իսկ ներքին օրենքներով պետական բյուջեն ոչ հարմար պահի չարաշահելը հանցանք է, իսկ, ասենք, ըստ հարմարության մարդ սպանելը՝ համակարգային ծառայություն և պետական պարգևներին արժանի արարք: Դրա համար էլ ՀՀԿ-ն Խաչիկյանին, ասենք, պատժում է, իսկ Խաչատրյանին՝ պարգևատրում և նույնիսկ ցրցամ տալիս նրա և որդու արդարացման գործընթացը: 

Պետության ուզուրպացիան այլ կերպ չի լինում, և եթե այսօր շատերս արդարացիորեն վրդովվում ենք, որ Ռուսաստանն է փորձում լիովին զրոյացնել Հայաստանի ինքնիշխանությունը, այնուամենայնիվ՝ չպետք է մոռանանք, որ Ռուսաստանն այս հարցում ընդամենը անում է ՀՀԿ-ի կիսատ թողածը, ավելի ճիշտ՝ այն, ինչում ՀՀԿ-ի ուժը պարզապես չի պատել անել Հայաստանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել