3.5 մլրդ դրամ գումար է հատկացվում կառավարության պահուստային ֆոնդից հանրաքվեի կազմակերպման ու անցկացման համար: Մնում եմ նույն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է զերծ մնար հանրաքվեի անցկացումից ու ամեն լումա ծախսեր տարիներ շարունակ չլուծված հարցերը կարգավորելու վրա: Ի՞նչ իմաստ կա այդքան գումար ծախսելու, երբ ամեն ՀԴՄ-ի հետևից գնում եք, հարկերը վճարելու ճիշտ քարոզ եք իրականացնում, բայց միլիարդներ եք ծախսում ընդամենը մեկ հարց հանրաքվեի դնելու վրա:
Լավ, եթե կար անհրաժեշտությունը հանրաքվեի, ապա կան հասարակության մեջ կուտակված այլ հարցեր ևս, եկեք փոփոխվող սահմանադրության մեջ ամրագրենք նաև, որ Հայաստանում արգելվում է նույն սեռերի միջև ամուսնությունները, դպրոցներում միասեռականության քարոզը, Արցախի դեմ ագրեսիայի դեպքում այն անմիջապես ճանաչելու կամ ՀՀ-ի հետ վերամիավորման գործընթաց սկսելը դրույթը:
Արժե՞ր արդյոք միլիարդներ ծախսել սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր երկրում։ Այդ գումարով սահմանամերձ բնակավայրերից շատերը կարելի կլիներ դարձնել հանգստի գոտիներ ու փրկել այդ շրջանները արտագաղթի ճիրաններից:
Պարոն Փաշինյան, միգուցե սոցցանցերում կարողանաք արհեստականորեն ձևավորել տպավորություն, թե այս հարցը մեծամասնությանը չի հուզում, բայց վստահ եղեք, որ որոշ ժամանակ անց հարցերը տրվելու են: Ոչ ոք ու ոչինչ հավերժ չէ, նախկինները գնացին, որովհետև մարդիկ չէին ուզում անիմաստ ծախսեր տեսնել, հոգնել էին միատարրությունից, մենիշխանությունից, մի գնացեք սխալ ճանապարհով, ուրախացեք, որ կան թեկուզ փոքր, բայց հակակշիռներ, նորմալ երկիրն այդպես պետք է լինի: