ՍԴ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԳՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Երեկ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրառում էր կատարել, որում նշում էր, որ չի մասնակցելու առաջիկա հանրաքվեին։

Տարբեր իշխանական ներկայացուցիչներ, ներառյալ նաև ԱԺ փոխնախագահը, քննադատել էին գրառումը՝ նշելով, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարն իրականացնում է քարոզչություն և օգտագործում է հանրային ռեսուրս, որի իրավունքն, ըստ իշխանական պնդումների, նա չունի։

Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահմանն առնչվող Վենետիկի հանձնաժողովի 2013թ. CDL-AD(2013)033 զեկույցում վարչական ռեսուրսը բնութագրվում է որպես ընտրությունների ընթացքում գործող պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների` մարդկային, ֆինանսական, նյութական և այլ ռեսուրսները, հանրային զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ նրանց ունեցած վերահսկողության հանգամանքը, ինչպես նաև իրենց դիրքով պայմանավորված հանրային օբյեկտների և ռեսուրսների նկատմամբ ունեցած հասանելիությունը, ինչը կարող է վերածվել քաղաքական կամ այլ ձևաչափի աջակցության։

Նման մոտեցումը տեղ է գտել նաև «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու և դրան արձագանքելու վերաբերյալ» Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ 2016թ. ընդունված համատեղ ուղեցույցում։ Վերջինս, մասնավորապես, պահանջում է, որ իրավական կարգավորումները պետք է հստակ պահանջներ նախատեսեն քաղաքացիական ծառայողների համար, այն է՝ ընտրական գործընթացների ամբողջ ընթացքում իրենց պաշտոնական պարտականություններն իրականացնելիս գործել անաչառ։ Բացի դրանից` իրավական կարգավորումները պետք է երաշխավորեն քաղաքացիական ծառայության չեզոքություն՝ արգելելով քաղաքացիական ծառայողներին քարոզչական գործունեություն իրականացնել իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս ինչպես այն դեպքում, երբ իրենք թեկնածու են հանդիսանում, այնպես էլ այն դեպքում, երբ աջակցում են թեկնածուներին։

Նախ` անհրաժեշտ է հստակ ընդգծել, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը հանդիսանում է վարչական պաշտոն զբաղեցնող անձ, և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների վերլուծությունը վկայում է այն մասին, որ նա կաշկանդված չէ քարոզչություն իրականացնելու որևէ իրավական նորմի սահմանափակմամբ։

Շատ կարևոր է անդրադառնալ տեքստում արված արտահայտությունների բովանդակային մասին, որը պետք է դիտարկել ընտրական օրենդրությամբ սահմանված «քարոզչություն» տերմինի մեկնաբանման համատեքստում։
Նախ՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ հանրաքվեի նախընտրական քարոզչության շրջանում քարոզը տարվում է բացառապես ԱՅՈ կամ ՈՉ քարոզչական կողմերի միջոցով և, որ ամենակարևորն է, ԱՅՈ-ի կամ ՈՉ-ի քարոզով։

Խնդրո առարկա հրապարակման տեքստից ակնհայտ է դառնում, որ ՍԴ աշխատակազմի ղեկավարն, ըստ էության, իրացրել է Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության իրավունքը, որի ընթացքում չի քարոզել Այո կամ Ոչ, ինչն էլ իր հերթին պարզ է դարձնում այն հանգամանքը, որը ՍԴ աշխատակազմի ղեկավարի կողմից արված հրապարակային հայտարարությունը չի խախտում որևէ օրենքի նորմ, առավել ևս՝ չի կարող դիտվել անբարեխիղճ կամ անօրինական քարոզչություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել