Armdaily.am-ը գրում է․

«Փաշինյան-Ալիև հանդիպումն անչափ կարևոր էր և կարևոր էր նախևառաջ նրանով, որ վեր հանեց մի քանի խորքային խնդիրներ, որոնք հեշտորեն տեսանելի չէին հասարակությանը, և թերևս հիմա էլ մի մասին տեսանելի չեն դառնա, բայց բավական թափանցիկորեն հառնեցին մասնագետների և քաղաքականապես գրագետ քաղաքացիների առջև»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ դրանցից հիմնականն այն էր, որ Փաշինյանը չունի Արցախի հարցում Հայաստանի հստակ ձևակերպած սեփական դիրքորոշում և շեշտադրումը կատարում է մակերեսային՝ բլեֆային հանգամանքների վրա. «Օրինակ՝ Արցախի՝ բանակցային կողմ դառնալու կամ հայ և ադրբեջանական առաջնորդների՝ միմյանց ժողովուրդներին դիմելու, կամ երեք կողմերին լուծման ձեռնտվությունն ապահովելու վրա: Ակնհայտ դարձավ, որ հիմնականում Փաշինյանը մնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի գծի մեջ և ինչ-որ առումով այն անգամ ավելի է խորացնում: Տեսանելի դարձավ նաև, որ Փաշինյանը շատ նման է գործում Զոհրաբ Մնացականյանին. ախոյանից ստանում է լրջագույն հարվածներ և դրանց բոլորովին համարժեք չի հակադարձում, եթե հակադարձում է: Տեսանք նաև, որ Հայաստանի առաջնորդը լավ չի տիրապետում Հայաստանի պատմությանը: Տեսանք նաև, որ Ալիևը հրաշալի տիրապետում է սեփական երկրի գոյություն չունեցող պատմությանը և այն խնամքով թաքցնելով՝ շատ մեծ վստահությամբ հորինված սուտն է ներկայացնում որպես իսկական պատմություն: Եվ սրան Հայաստանի առաջնորդն էլի մեծ հաշվով չի արձագանքում: Ականատես եղանք նաև միակողմանի զիջումների չգնալու պարագայում՝ Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչեցված պատերազմի բացահայտ սպառնալիքի: Դրան նույնպես արձագանք չեղավ: Այլևս անվիճելի է, որ տերպետրոսյանական թեզը՝ Արցախը տանել անկախության կեղծ և վնասակար ճանապարհով՝ սպառել է իրեն և այլևս առավել մեծ վտանգներով է հղի: Համոզվեցինք նաև, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն բավարար գիտելիքներ, կամք և վճռականություն՝ փոխելու այդ սարսափելիորեն վտանգավոր ուղին և Արցախի հարցում ոչ թե պսևդո՝ կեղծ միկրոհեղափոխություններ անեն խոսելով ադրբեջանական շահերի մասին՝ այլ՝ իսկական հեղափոխություն իրականացնեն՝ սկսելով խոսել Հայաստանի կազմում՝ Արցախով և ազատագրված տարածքներով հանդերձ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության թեզի վերաբերյալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել