Կոշկագործությունը հին և բարդ արհեստ է, և ի սկզբանե կոշկագործի աշխատանքը եղել է բացառապես ձեռագործ:
Հին մարդիկ իրենք իրենց համար կոշիկներ պատրաստել են ծառերի կեղևներից, կենդանիների կաշվից, սակայն արդեն միջին դարերում կոշիկի պատրաստմամբ սկսեցին զբաղվել միայն մասնագետները: Նախկինում կոշկագործի մասնագիտությունը համարվում էր ամենապահանջվածներից մեկը, քանի որ ձեռքով հարմարավետ կոշիկ կարելը չափազանց բարդ էր: Աստիճանաբար կոշկագործությունը ևս արդյունաբերական փուլ անցավ: Այսօր կոշիկ արտադրողները բազմազան արտադրանք են թողարկում տարբեր նյութերից՝ կաշի, փայտ, ռեզին, պլաստիկ, կտոր և այլն: Որոշ ընկերություններ նախկինի պես օգտագործում են ձեռքի աշխատանքը, սակայն նրանց պատրաստած կոշիկները, բնականաբար, շատ ավելի թանկարժեք են լինում:
Աշխարհում ամենաթանկարժեքներից են համարվում ատլասից կոշիկները՝ զարդարված հայտնի դերասանուհի Ռիտա Հեյվորթի ականջօղերով: Դրանք գնահատվում են 3 միլիոն դոլար: 2 միլիոն դոլարով կարելի է գնել «Մոխրոտիկի կոշիկները», որոնք ամբողջությամբ պատված են ադամանդներով և պատրաստված են դիզայներ Սթյուարթ Վայցմանի կողմից: Վերջինս նաև պատրաստել է ռուբիններով պատված սանդալներ՝ 1,6 միլիոն դոլար արժողությամբ, որը, սակայն, ոչ ոք չի գնել: Հնդկական արքայազն Ջահուն ունեցել է սանդալներ, որոնք պատրաստվել են 19-րդ դարի կեսերին, և կրել է մեկ անգամ: Դրանք հրաշալիորեն պահպանվել են և այսօր արժեն 210 հազար դոլար: Դրանք ևս զարդարված են ադամանդներով: