Փետրվարի 16-ին 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել հայտնի լուսանկարիչ, ֆոտոլրագրող Գերման Ավագյանը: Գերմանը ծնվել էր 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում։

Գերման Ավագյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցահանդեսների, փառատոների շրջանակներում։

2002 թ․-ին Գերման Ավագյանն ԱՄՆ-ում արժանացել է «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակին փաստագրական լուսանկարչության համար։

Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Մոսկվայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում։ Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներով հանդես է եկել սահմանամերձ գյուղերում։ 

Գերմանն իր լուսանկարներում պատմում է Հայաստանի պատմության, պատերազմի, հասարակության սոցիալական ու մտավոր խնդիրների, աղքատության մասին՝ չմոռանալով նկատել մարդուն, մարդու և բնության անսպառ գեղեցկությունը․․․

 

Առավել հայտնի է նրա «Մահից հետո ծնվածները» շարքը, որը հնարավորություն է ունեցել ներկայացնել նաև Ֆրանիսայում: Այդ շարքի մասին Գերմանն ասում էր․

-Պատերազմ էր, եւ այն ժամանակ լավ լուսանկարչական ապարատ չունեի, բայց չէի կարող չգնալ: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ դոկումենտալ լուսանկարչությամբ եմ զբաղվելու: Շարքում նկարել եմ այն երեխաներին, որոնք ծնվել են իրենց հոր զոհվելուց հետո: Անցնում են տարիներ, բայց ցավը չի անցնում. ես սպասել եմ մինչեւ այդ երեխաները մեծանան: Երեխաների եւ զոհված հայրերի նմանությունը շատ սարսափելի է. նկարները նայելիս զգում ես, որ իրոք, երեխան հոր շարունակությունն է: Բայց շարքն անելուց հետո հասկացա, որ միայն հայր-երեխա կապով ամեն ինչ չի վերջանում, կա նաեւ երկրորդ կողմը` մայրը: Այդ տարիներին, օրինակ, 18 տարեկան աղջիկը ամուսնանում էր, իսկ երկու ամիս հետո զոհվում է նրա ամուսինը, ով չի էլ իմացել, որ կինը հղի է: Այդ մանկահասակ աղջիկներին համոզում էին նորից ամուսնանալ, բայց նրանք չէին ուզում: Նրանք չեն ամուսնացել, իրենց երեխաներին են մեծացրել: Իմ շարքը, կարծում եմ, լավագույն արձանն է զոհվածների հիշատակին:

BlogNews.am-ի անձնակազմը ցավակցում է Գերման Ավագյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին՝ սիրված լուսանկարչի անժամանակ մահվան կապակցությամբ:
Հանգչիր խաղաղությամբ․․․

Գերման Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 17-ին, ժամը 18:00-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սրբ. Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորության արարողությունը՝ փետրվարի 18-ին՝ նույն վայրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել