ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ կանադա-ամերիկացի դերասան Ռայան Ռեյնոլդսը պատրաստվում է գլխավոր դերը խաղալ, ինչպես նաեւ որպես պրոդյուսեր հանդես գալ այն ֆիլմում, որ հիմնված է Cluedo սեղանի խաղի վրա դետեկտիվ սյուժեով, տեղեկացնում է THR-ը:
Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ որպես ռեժիսոր հանդես կգա Ջեյմս Բոբինը («Մափեթները», 2011 թվական, «Ալիսան հայելիների աշխարհում» 2016 թվական): Ռեթ Ռիզը եւ Պոլ Վեռնիկը, որոնք Ռեյնոլդսի հետ համագործակցել են «Դեդփուլ»-ի երկու մասերում, գրելու են սցենարը:
Cluedo-ում մասնակիցները պետք է սպանությունը բացահայտեն հատուկ քարտերի եւ դաշտի օգնությամբ, որը հին առանձնատուն է նմանակում: Նրանց անհրաժեշտ է որոշել, թե ով, որտեղ եւ ինչի օգնությամբ է կատարել հանցագործությունը:
Ջեյմս Բոբինի ժապավենը չի լինի դասական սեղանի խաղի առաջին էկրանավորումը: 1985 թվականին դրա հիման վրա Ջոնաթան Լինը ներկայացրել է «Հանցանշան» կատակերգությունը: Այն ժամանակ գլխավոր դերերը կատարել են Այլին Բրենանը, Թիմ Քարրին, Քրիստոֆեր Լլոյդը, Մեդլին Քանը եւ ուրիշներ:
2009 թվականին ԶԼՄ-ները գրել էին, որ խաղը կրկին էկրանավորել է ցանկանում «Կարիբյան ծովի ծովահենների» ռեժիսոր Գոր Վերբինսկին: Սակայն նախագիծն այդպես էլ չստացվեց իրագործել:
Նոր կինոնկարի նկարահանումների սկսվելու եւ դրա թողարկման ամսաթվերը դեռեւս հայտնի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: