Այսօր նախարար Սուրեն Պապիկյանը hraparak.am-ի՝ իր դատապարտված լինելու վերաբերյալ հրապարակումը ուղիղ եթերով հաստատելուց հետո կոչ է արել իրավապահ մարմիններին՝ ԱԱԾ և Ոստիկանության պետերին, բացահայտել հրապարակման աղբյուրը։

Իշխող ուժի ներկայացուցիչներն արդեն որերորդ անգամ ազատ մամուլը և խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով դիմում են իրավապահ մարմինների՝ աղբյուր բացահատելու համար։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի ճնշում ազատ մամուլի նկատմամբ, որը երբեմն և մասնավորապես այս դեպքում արդեն զավեշտի է հասնում։

Նախ՝ Պապիկյանը հայտարարում է (բառացի մեջբերում եմ). «Սա գաղտնի ինֆորմացիա չի եղել։ Ես ոչինչ չեմ թաքցրել։ Իմ հայրենի Ստեփանավանում, նաև քանի որ ուսանողական շրջան է եղել, ուսանողական շրջանակներում խնդրի մասին իմացել են իմ բոլոր ընկերները, հիմա էլ իմ շատ ընկերներ դրա մասին գիտեն»։
Հիմա ինչպե՞ս հասկանալ այն, որ Պապիկյանի հայրենի Ստեփանավանը, ուսանողական և ընկերական շրջանակները տիրապետում են այս տեղեկությանը, սակայն ԶԼՄ-ի հրապարակման աղբյուրի բացահայտմամբ պետք է ԱԱԾ-ն զբաղվի։

Մամուլի նկատմամբ ոտնձգությունների այս ծավալը, նորից եմ կրկնում, արդեն սովորական երևույթ է իշխող ուժի ներկայացուցիչների համար։ Հիշեցնեմ իմ ֆեյսբուքյան էջը կոտրելու դեպքը, որով քրեական գործ է հարուցված, սակայն մինչ այս պահը որևէ նորություն չկա, AntiFake.am-ի հիմնադրին ՀՔԾ կանչելը՝ գրառման համար աղբյուր բացահայտելու համար և այլ գործընկերների նկատմամբ համանման վերաբերմունքը։

Այս արատավոր տենդենցն ավելի ու ավելի առարկայական է դարձնում ազատ մամուլի նկատմամբ ոտնձգությունները, ատելությունն ու թշնամանքը, ինչը բնորոշ չէ ժողովրդավարական և անգամ կիսաավտորիտար երկրներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել