Երեկ առաջին անգամ Ալեն Սիմոնյանն իր դեմքով (ոչ ֆեյքով) տարածեց Էդմոն Մարուքյանի ու Սերժ Սարգսյանի հայտնի և լուսաբանված հանդիպման նկարը՝ որպես մեծ կոմպրոմատ՝ ընդդեմ Մարուքյանի:
Բայց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը, շատ լավ իմանալով այդ «կոմպրոմատային» իրադարձության և լուսանկարի մասին, ոչ վաղ անցյալում իր մյուս գործընկերների հետ միասին փակ գաղտնի քվեարկությամբ ԵԼՔ դաշինքի առաջին համար ընտրեց Էդմոն Մարուքյանին։ Սա սեփական ինքնության հետ չհաշտվելու և քաղաքական անցյալն ուրանալու ցցուն դեպք է: Թեպետ հասկանալի է, որ Ալենը ավելին չի կարող առաջարկել Փաշինյանին Մարուքյանի հետ բանավեճում։ Նրա ծառայությունները սահմանափակվում են այսքանով։
Ես կրկին ցավով եմ արձանագրում, որ, որպես ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար, չեմ կարողացել Ալենի մեջ սերմանել հետևողականությունը սեփական անցած ճանապարհի նկատմամբ, որը եթե ստացվեր, գուցե ՔՊ վարչությունն իրեն կընտրեր որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։ Երբեմնի գործընկերոջս վրա այդ էջը ունեցել է իր ազդեցությունը, որի հետևանքները տեսնում ենք այս օրերին։
Հ.Գ. Ստորև կարող եք դիտել այն տեսանյութը, որից րոպեներ առաջ Ալենը, ով լայն ժպիտով սելֆի է անում Մարուքյանի հետ, ընտրել է Մարուքյանին որպես ԵԼՔ դաշինքի առաջին համար: