«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի՝ արդեն իսկ սկսված իշխանական քարոզարշավը հերթական անգամ ու առավել ցայտուն կերպով բացահայտեց մի իրողություն՝ Նիկոլ Փաշինյանը վաճառում է հեղափոխությունը։ Վաճառում է այդ նույն հեղափոխությունն իրականացրած հասարակությանը։ Վաճառում է՝ հեղափոխության անվան տակ հեղափոխության իրական նպատակների տապալման պատասխանատվությունից հերթական անգամ խուսափելու նպատակով։ Թավշյա հեղափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, սակայն Հայաստանում իրականում որևէ հեղափոխական փոփոխություն տեղի չի ունեցել։
Երկրում գործում են նույն ինստիտուտներն ու կառուցակարգերը, ինչ նախկինում, Նիկոլ Փաշինյանը հաճույքով տեղավորվել է իր իսկ կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգում, պետությունը շարունակում է ապրել նախկինի իներցիայով։ Այս պայմաններում իշխանության ներբողած տնտեսական հեղափոխության մասին խոսելն անգամ անլուրջ է, քանի որ հատկապես տնտեսական կյանքում որևէ արմատական փոփոխություն չի եղել։ Միակ տեսանելի փոփոխությունն այն է, որ նախկին օլիգարխները վերանվանվել են «խոշոր սեփականատերեր» և շռայլորեն հանգանակություններ են կատարում կիսապետական-կիսաընտանեկան հիմնադրամներին։
Այսինքն, երկու տարվա ընթացքում Հայաստանում տեղի չի ունեցել որևէ տեսանելի փոփոխություն, որից կարելի կլիներ ենթադրել, թե կատարվածը հեղափոխություն է՝ բառի լայն և նեղ իմաստներով։ Արդյունքում՝ հեղափոխությունից իրականում մնացել է միայն հռետորաբանությունը կամ դրա բրենդը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անցած շուրջ երկու տարիներին աշխարհին վաճառելու անհաջող փորձեր անելուց հետո, այժմ պատրաստվում է վաճառել սեփական քաղաքացիներին։
«Հանուն հեղափոխության», «Այո հեղափոխությանը», «Այո ազատությանը»․․․ այս և նմանատիպ այլ ճոռոմ կարգախոսներն ասվածի հնչեղ վկայությունն են, ինչպես որ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին գրված ոտանավորը՝ հանրաքվեի ու հեղափոխության նույնացման չթաքցվող մոտիվներով։ Եվ ողջ հարցն այլևս այն է, թե արդյոք հասարակությունը երկրորդ անգամ կուլ կտա՞ խայծը, երկրորդ անգամ հանուն իշխանության իրականացվող միջոցառումը «կգնի՞»՝ որպես հեղափոխություն, թե՞ այնուամենայնիվ կհրաժարվի աշխարհի կողմից արդեն իսկ մերժված այդ մտավարժանքից։ Ցանկացած ապրանք ունի իր գինը։
2018 թվականին վաճառված հեղափոխության գինը Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էր։ Ո՞րն է լինելու ապրիլի 5-ի հանրաքվեի առիթով վաճառքի հանված հեղափոխության գինը։ Այս հարցի շուրջ պետք է մտածի հասարակությունը, և ոչ թե՝ «Այո» կամ «Ոչ» պարզունակ երկընտրանքի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում