Armdaily.am-ը գրում է․
Ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեին իշխանությունների համար թիվ մեկ հարցը լինելու է 25 տոկոս մասնակցություն ապահովելը։
Բանն այն է, որ Հանրաքվեն կհամարվի կայացած ու Սահմանադրությունը փոխված կհամարվեն, եթե դրան կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
2018թ.-ի տվյալներով` ՀՀ–ում ընտրելու իրավունք է ունեցել 2 մլն 593 հազար 140 քաղաքացի, ու եթե համարենք, որ նրանց թիվն էապես չի փոխվել, ապա սահմանադրական փոփոխություններն ընդունվելու համար հանրաքվեի ժամանակ «այո» պիտի ասեն առնվազն 648 հազար 285 քաղաքացի։
Հիշեցնենք, որ նախորդ հանրաքվեի ժամանակ՝ 2015թ քվեարկությանը մասնակցել է 1.302.613 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 %-ը։ Այդ ժամանակ սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել մասնակիցների 63.37%-ը կամ 825.521 ընտրող, «ոչ» է ասել մասնակիցների 32.36% կամ 421.568 ընտրող:
Հաշվի առնելով, որ «Ոչ»-ի ճամբար չի ձեւավորում՝ ի դեմս խորհրդարանական ուժերի, իսկ քաղաքացիների նախաձեռնությամբ ձեւավորվելու դեպքում այն մեծ ռեզոնանս չի առաջացնի, հետեւաբար՝ քվեարկության գնալու են «Այո» ասողները։ Իշխանությունը պետք է օրուգիշեր քարոզի քվեարկության գնալու, ինչը եւ անում են՝ սկսած Հանրաքվեի նշանակման մասին որոշումը ստորագրելուց հետո։
Մյուս կողմից էլ՝ իշխանությունները որոշել են խորամանակության դիմել, մասնակցության անհրաժեշտ շեմը ապահովելու դեպքում նրանք իրենց հայտարարություններում անընդհատ շեշտադրումներ կանեն, թե «Այո»-ն հաղթել է 90 տոկոսով, մինչդեռ նախորդ ռեժիմի օրոք 32 տոկոսը «Ոչ» է ասել սահմանադրական փոփոխություններին։
Իրականում, դիտորդների, փորձագետներին եւ ընտրական գործընթացների քաջատեղյակ մարդու համար բավականին «ոչ անմեղ» ցուցիչ է մասնակցության ցածր տոկոսը։ Նվազագույն մասնակցությամբ «Այո»-ի հաղթանակը լեգիտիմ եւ ժողովրդի ընտրյալ իշխանությանը եւս չպետք է բավարարի՝ անկախ նրանից, թե հրապարակային ինչ հայտարարություններ, շեշտադրումներ ունեն։