Դեռ վաղուց արդեն հասել ենք մի կետի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր ինչ-ինչ տվյալներ է հրապարակում, և հանրության զգալի մասն առանց նշույլ անգամ կասկածելու ընդունում է որպես ի գիտություն` սկսելով ոգևորվել, ուրախանալ այդ ամենով։
Սիրելի հայրենակիցներ ջան, մի՞թե չեք նկատում, որ երկրում առկա է լուրջ տնտեսական ճգնաժամ, բանակում մահվան դեպքերը, ավտովթարները, գողությունները, սպանությունները, դժգոհությունները շատացել են: Մարդիկ կիսասոված են քնում, սառնարաններում ուտելիք չունեն երեխաներին կերակրելու համար, բալային համակարգը գործազրկության պատճառ է դարձել ու դառնում, մթերային (և ոչ միայն) ապրանքները թանկացել են, առևտրականների մոտ, մեղմ ասած, շատ վատ վիճակ է, ապրիլ ամսից գազի գինն է թանկանալու և այլն։
Սակայն այս ամենին զուգահեռ տասնյակ միլիարդավոր գումարների հասնող պարգևավճարներ են մսխում ներկա իշխանությունները և անգրագետ ելույթներ ունենալով, թերի և շատ դեպքերում հակաօրինական, հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալով միջազգային կառույցների կողմից խիստ մտահոգությունների, նկատողությունների, գնահատականների են արժանանում, իջեցնում ՀՀ միջազգային վարկանիշը...
Արդյո՞ք դուք հավատում եք, թե հանրաքվեով այս բոլոր հարցերին դրական լուծումներ են տրվելու։ Իրապես կարծում եք, որ այս ամենի մեղավորները կարող են լինել ՍԴ դատավորները, նրա՞նք են առաջացրել կամ առաջացնում այս խնդիրները...
Ուղղակի մեկ բան ասեմ Ձեզ․ հանրաքվեի օրը գնալու եք ընտրատեղամասեր և «հաղթելու», թե ում, պարզ չէ, ենթադրում եմ՝ ինքներդ Ձեզ, բայց այս խնդիրները մնալու են և շատանալու։ Իսկ ապագայում ձևավորվելիք Սահմանադրական դատարանը, ենթադրում եմ, որ շատ ցավոտ օրենսդրական փաթեթներ է վավերացնելու, որոնք պատճառ կարող են դառնալ ապստամբության` ձեր կողմից ընդդեմ ներկայիս իշխանության։ Սակայն դրանից ևս ոչինչ չի փոխվելու, այլ գնալով խորանալու է երկրում առկա ճգնաժամը...
Հ.Գ. Ցավով պետք է նշել, որ դեռ շատ երկար ժամանակ է հիվանդ մնալու մեզ բոլորիս բաժին հասած Հայրենիքը...