Բաց նամակ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային
Հարգելի տիկին Վուտովա,
Ինչպես հավանաբար տեղեկացել եք մամուլից, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ով նաև ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի արտահերթ նիստում ներկայացվող «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» նախագծի հիմնական զեկուցողն էր, 1in.am-ին սույն թվականի փետրվարի 10-ին տված հարցազրույցում նշել է․ «… Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն: Ուզում եմ ասել, որ նա անձ է, եվրոպացի պաշտոնյա, որը նույն նախկին իշխանություններից բավականին հետաքրքիր նվերներ է ստացել: Սա ուղղակի արձանագրենք, գնանք առաջ»։
Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի բարձր հեղինակությունը Եվրոպայում և Հայաստանի Հանրապետությունում՝ մասնավորապես, ինչպես նաև բացառիկ դերակատարությունը մեր երկրում սահմանադրականության ինստիտուտների հզորացման և օրենքի գերակայության հաստատման գործում՝ խնդրում եմ պարզաբանել, թե արդյո՞ք Եվրոպայի խորհրդի որևէ մարմին պատրաստվում է կարգապահական կամ էթիկական հետաքննություն սկսել Ջիաննի Բուքիքիոյի նկատմամբ՝ փարատելու կամ հերքելու պատգամավորի հնչեցրած մեղադրանքները։ Հակառակ դեպքում ի՞նչ որակում կտաք սույն հայտարարությանը, որը կարող է ստվեր գցել Վենետիկի հանձնաժողովի և, առհասարակ, Եվրոպայի խորհրդի բարի համբավի վրա մեր հայրենակիցների շրջանում։
Հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի դերակատարությունը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական և իրավական գործընթացներում՝ ցանկալի կլիներ, որ հանրությունը որևէ կասկած չունենար նշված կառույցների և դրանց ղեկավար կազմի անաչառության մեջ։
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյան
Հ․Գ․ Բաց նամակը փոխանցվելու է ԵԽ երևանյան գրասենյակին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պաշտոնական գրության տեսքով։