Վերջին ամիսներին Սիրիայի Իդլիբ նահանգում աննախադեպ կերպով սրվել է ռազմական իրավիճակը․ այստեղ բախվում են միաժամանակ Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը։ Սիրիայի կառավարական ուժերը դաշնակիցների և հատկապես ռուսական օդուժի աջակցությամբ փորձում են վերականգնել շրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
Սիրիական բանակի կողմից վերսկսված գործողությունն ընդհատվել էր դեռևս 2018թ․ սեպտեմբերին Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությունների արդյունքում, որոնց համաձայն՝ Թուրքիան ստանձնել էր հրադադարի ռեժիմը դիտարկելու և շրջանը վերահսկող տարաբնույթ հակակառավարական խմբավորումների հետ շփումներում միջնորդություն իրականացնելու դերակատարում։
Անցած շուրջ 1,5 տարվա ընթացքում Անկարան, ըստ էության, չկարողացավ իրականացնել ստանձնած պարտավորությունները։ Եվ սիրիական բանակի կողմից վերսկսված գործողության ընթացքում լուրջ լարվածություն է առաջացել նախ Թուրքիա-Սիրիա, ապա նաև Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում։
Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ, ես էլ եմ կիսում ֆրանսիական L՛Opinion պարբերականի վարկածն առ այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում առավելապես խաղարկում են ռազմական լարվածության մարտավարությունը, քանի որ երկկողմ բազմավեկտոր շահերը շատ ավելի խորն ու կարևոր են, քան իրավիճակային լարվածությունը Սիրիայում, որի դառը փորձը երկու երկրներն էլ կրել են 2015-16թթ․ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով։
Վերոնշյալի համատեքստում, այսուհանդերձ, առավել հավանական է 2 սցենար՝ կա՛մ Մոսկվայի և Անկարայի միջև աստիճանաբար հասունանում է բազմակողմանի սակարկության նոր թեմա, կա՛մ կողմերը խաղարկում են նախկինում կայացած համաձայնություններից մեկի տրամաբանական հանգուցալուծման վերջին արարը։
Կից նյութն՝ այստեղ։