Ադրբեջանը հրաժարվում է կատարել ԵԽ պահանջները, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Որոշ միջազգային կազմակերպություններ կողմնակալ են գնահատում Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքը, երբեմն բացասական եզրակացությունները պատրաստվում են դեռ քվեարկությունից առաջ, ասել է Ալիևը: Եվրախորհրդի կողմից այդպիսի վերաբերմունքի վերջին դրսևորումը «Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված տեղեկատվության գործով» բանաձևն էր, որը կառուցված է կեղծիքի և ստի վրա, պնդում է քաղաքական գործիչը:

Ալիևը նման փաստաթղթի ընդունումն անվանել է կոպիտ միջամտություն ընտրություններին: «Մենք մերժում ենք մեր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները, և մենք չենք կատարի մեր առջև դրված, այսպես կոչված, պահանջները»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը:

Ըստ «Կոմերսանտ»-ի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան բանաձևը կոչ է արել Բաքվին «հուսալի և լիարժեք» լուծել քաղբանտարկյալների խնդիրները: Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար այդ փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան թղթի կտոր:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատարը «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել