Hraparak.am-ը գրում է.

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը մոտ օրերս նշանակվելու է «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ։ Այս մասին հայտնեց ֆինանսական շրջանակին մոտ մեղ աղբյուրը։ Հիշեցնենք, որ նախկին կառավարիչը՝ Արթուր Օսիպյանը, անցյալ տարի նոյեմբերին անսպասելի ազատվեց պաշտոնից։ Բանկից հայտնում էին, որ պատճառը միջազգային ֆինանսական կառույցում աշխատանքի անցնելն էր։ Մհեր Անանյանի մոտալուտ նշանակման լուրը և «Արարատբանկի», և ՊԵԿ լրատվության պատասխանատուները հրաժարվեցին մեկնաբանել։ 

Դավիթ Անանյանի եղբայրը «Արարատբանկ» ԲԲԸ խորհրդի անդամ էր։ Նրան վարչության նախագահ դարձնելը բանկի ամենախոշոր բաժնետեր Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի որոշումն է եղել։ Չի բացառվում, որ այս կերպ Բեգլարյանը նորերին սիրաշահելու հույս ունի։ 

Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, մինչև 2019 թվականի հունիսը զբաղեցնում էր ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը: Նրա ազատումը աշխատանքից մեկնաբանվեց որպես ֆինանսների նախարար Ատոմ  Ջանջուղազյանի և ՊԵԿ նախարար Դավիթ Անանյանի միջև հակասությունների հետևանք։

Հատկանշական է, որ Դավիթ Անանայնը հաստատեց, որ իր և Ջանջուղազյանի միջև հակասություններ կան, ճշտելով․ «ՊԵԿ և ֆինանսների նախարարության միջև կա մշտնջենական պայքար, որը նորմալ է»: Լրագրողներին տված նույն խմբակային հարցազրույցում իր եղբոր մասին նա ասաց․ «Իմ եղբայրը իր աշխատանքը չի կորցրել, իմ եղբայրն էն անձնավորությունը չէ, որ ինչ-որ բան կորցնի: Իմ եղբայրը կունենա աշխատանք՝ ավելի արժանավայել ու իրեն ավելի վայել»: փաստորեն,ՊԵԿ նախարարի կանխատեսումը իրականացավ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել