Արդեն պարզ է, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու հանրաքվե, ու անկախ արդյունքներից՝ մեր պետական բյուջեի վրա այն մեծ գումար է նստելու։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ մոտ հարց առաջացավ՝ մի՞թե հնարավոր չէր շրջացնել հանրաքվեն ու զերծ մնալ նման խոշոր ծախսերից։ Երկրորդ՝ այս պահի դրությամբ միանշանակ է․ եթե ՈՉ-ի կողմնակիցները չհամախմբվեն ու չկարողանան խելացի ու ոչ հնացած քարոզչության ձև մտածել, ապա ԱՅՈ-ն ջաղջախիչ հաղթանակ է տանելու, իսկ դա կնշանակի, որ Հայաստանում իշխանության կենտրոնացումն ավարտվեց, ու փաստացի չկա հակակշիռ գործող իշխանությանը։

Լավ, եկեք ընդունենք, որ հանրաքվեն անհրաժեշտություն էր ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար, այդ դեպքում գուցե անենք նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ ամեն ինչ իր տեղն ընկնի, ու մի 5 տարի երկիրը ներքաղաքական հանգիստ ու բնականոն կյանք մտնի, կամ ինչո՞ւ հանրաքվեի դնել միայն Սահմանադրական դատարանին առնչվող մասը։ Եկեք ժողովրդի դատին հանձնենք նաև ԱԺ պատգամավորների թիվը կրճատելու դրույթ, սեռական փոքրամասնությունների ամուսնության գրանցումն արգելելու դրույթ, Ամուլսարի հարցի համար նախատեսենք առանձին թերթիկ, և այսպես մի քանի սկզբունքային հարցեր թող որոշի ժողովուրդը։ Անկեղծ ասեմ՝ շատ են մարդիկ, որոնց ընդհանրապես հետաքրքիր չէ հանրաքվեի թեման։ Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեի մասնակցեն անհրաժեշտ թվով քաղաքացիներ, ապա այս պահին ասվելու է ԱՅՈ, բայց ոչ նրա համար, որ հարցն ուսումնասիրել են, այլ նրա համար, որ այդպես է ուզում այս պահին գործող քաղաքական իշխանությունը, իսկ ամենաշատ տրվող հարցն էլ այն է, թե հնարավո՞ր է, որ Հրայր Թովմասյանի գլխավորած ՍԴ-ն չէր վավերացնելու Ստամբուլյան կոնվենցիան, որով նախատեսված է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնում, իսկ դրա վավերացումից է կախված՝ արդյո՞ք մեր երկիրը կունենա արտոնություններ, թե ոչ։
Հատկապես վերջին մասի մեկնաբանությունն ու այս հարցին գնահատական տալը կարող է մեծապես ազդել հանրաքվեի ելքի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել