Hetq.am-ը գրում է.

2019 թվականին Հայաստանի տնտեսական ցուցանիշները դրական են, սակայն դրանք դեռևս չենք ենթադրում տնտեսական արդյունավետ զարգացում, կարծում է տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ «Հետքը» նրա հետ զրույցել է անցած տարվա տնտեսական միտումներից։ 

- Վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց տարեկան ցուցանիշները, որից պարզ դարձավ, որ տարին ամփոփվել է 7.8% տնտեսական ակտիվության ցուցանիշով և ենթադրվում է, որ ՀՆԱ-ի աճը ևս մոտ կլինի դրան։ Որքանո՞վ է այս ցուցանիշը գոհացնող և ըստ Ձեզ՝ ենթադրու՞մ է այն տնտեսական զարգացում, թե՞ ոչ։

- Դա, միանշանակ, լավ ցուցանիշ է թե՛ նախորդ տարվա արդյունքների ու թե՛ ծրագրվածի համեմատ, բայց պետք է դիտարկել աճի որակը։ Այստեղ արդեն խնդիրներ ու հակասություններ ենք տեսնում։ Եթե աճը դիտարկում ենք ըստ տնտեսության ճյուղերի՝ ապա ամենաարագն աճում են ծառայություններն ու առևտուրը, ինչը վատ չէ։ Ըստ աճի տեմպի հաջորդում է արդյունաբերությունը, որն ավելի բարձր է, քան ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Դա ևս լավ է, բայց երբ բացում ենք արդյունաբերության ցուցանիշները, տեսնում ենք, որ երկրորդ կիսամյակում աճի տեմպով իշխողը կրկին, ինչպես անցյալում, դարձել է հանքարդյունաբերությունը։ Հայտնի է, որ հանքարդյունաբերության աճը չի ուղեկցվել ոչ զբաղվածության, ոչ արտադրողականության աճով։ Սա զարգացում չէ, այլ՝ ընդամենը ընդերքը ավելի արագ դատարկելու հետևանք։

Անհանգստացնող երևույթներից է նաև այն, որ կրկին ներմուծման աճի տեմպերը գերազանցում են արտահանմանը։

Ընդհանուր առումով տարին դրական համարելով, չենք կարող ասել, որ համարժեք զարգացում ունենք։ Մենք ունենք մեծ խոռոչներ և չլուծված խնդիրներ։ Գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն է նվազել. չէի ասի, որ մեր տնտեսության մեջ այնպիսի որակական փոխություններ են եղել, ասենք՝ էներգախնայողության ոլորտում, որ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են։ Սա ևս մտահոգության տեղիք է տալիս։ Այսպես, պետք է բոլոր ոլորտները հատվածաբար դիտարկել՝ սկսած տնտեսության առանձին ոլորտներից մինչև պետական ֆինանսներ ու բյուջեի վարքագիծ։ Առհասարակ, տնտեսական վիճակագրության մեջ կան որոշ հակասություններ։ Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում ըստ վիճակագրական տվյալների արդեն շարունակական դարձած անկումը, որը համադրելի չէ գյուղմթերքների վերամշակման ծավալների կամ դրանց սպառման ընդհանուր բնութագրերի հետ: Կամ, օրինակ, 2019 թվականին հանրապետության ներսում բեռնափոխադրումների ծավալը, ըստ Վիճպետկոմի, նվազել է 50%-ով և այդ թվում ՝ ավտոմոբիլային բեռնափոխադրումները պակասել են մոտ 60%-ով։ Տնտեսական աճի պարագայում սա անհասկանալի է։ Տնտեսության առանձին ճյուղերում անցած տարվա ընթացքում կատարված տեղաշարժերը չէին կարող բեռնափոխադրումների ոլորտում նման միտումների ներքո տեղի ունենալ, այսպիսի հակասություններ չեն կարող լինել։ Իսկ սրանով, կարծում եմ, պետք է զբաղվի դատախազությունը։

- Օտարկերյա ներդրողների համար որևէ բան փոխվե՞լ է Հայաստանում։

- Սա մեր տնտեսության հին ու խոր դեռևս չլուծված հիվանդությունն է: Մենք դեռ ամբողջությամբ բաց չենք աշխարհի առաջ ներդրումների համար։ Խոսքս ուղղակի ներդրումների մասին է։ Մեզ ճկուն ու զարգացող տնտեսություն է պետք, միայն ցուցանիշներ ներկայացնելը բավական չէ ներդրողների համար։ Երբ դիտարկում են օտարկերյա ներդրումների վիճակագրությունը, տեսնում ենք, որ ուղղակի ներդրումները փոքր ծավալ ունեն, և դրանք առայժմ չեն կարող գոհացուցիչ լինել։

- Խոսեցիք բյուջեի վարքագծից։ Տարվա ընթացքում բյուջեի ծախսերի թերակատարում գրանցվեց և հիմնականում՝ կապիտալ ծախսերի մասով։ Ինչպե՞ս եք գնահատում բյուջեի կատարողականը։

- Իհարկե, բյուջեի վարքագիծը մեր գլխավոր խնդիրներից է։ Բյուջեի եկամուտները 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել են 16%-ով, իսկ ծախսերը՝ 12%: Այսինքն՝ ծախսերի աճի տեմպը համաչափ չի եղել եկամուտների աճին։ Տարվա ընթացքում պետական բյուջեն թերակատարվում էր, ընդ որում, հիմնականում կապիտալ ծախսերի գծով։ Այն բոլոր բացատրությունները, որ լսել եմ կապիտալ ծախսերի թերակատարման պատճառների վերաբերյալ, ինձ համար համոզիչ չեն։ Այդ բացատրությունները չեն տեղավորվում տնտեսագիտական բովանդակության մեջ՝ կարգուկանոն են հաստատում, կոռուպցիա են վերացնում, խնայում են և այլն։ Կապիտալ ծախսերը պետք է ամբողջությամբ կատարվեն, քանի որ այստեղ արդյունքները վերարտադրվող են։ Ծախսեր չանելով՝ զրկվում ենք որոշ հավելյալ արդյունքներ ստանալու հնարավորություններից։ Նոր իշխանության այցեքարտերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, որն իհարկե տնտեսական զարգացման հիմնաքարերից է, բայց չի կարելի դրանով արդարացնել ծրագրեր չկատարելը կամ կապիտալ ծախսերը թերակատարելը։ Տնտեսական զարգացումը այս իրավիճակում ավելի է կախված պետբյուջեի ծախսային վարքագծից։ Փաստորեն ընթացիկ տարվա զգալի հատվածում ունեցել ենք պրոֆիցիտով բյուջե այն դեպքում, երբ Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի։ Պրոֆիցիտով բյուջեն նշանակում է բազմաթիվ չլուծված խնդիրներին ընթացք չտալ։

- Մի քանի տարվա անկումից հետո, շինարարության ոլորտում 2016 թվականից դանդաղ աճ է գրանցվում։ Նախորդ տարվա աճը կազմել է 4.6%: Սա բավարա՞ր տեմպ է տնտեսական աճին նպաստելու համար։

- Սպասվող մոտ 8% տնտեսական ակտիվության աճի ֆոնին շինարարությունն ընդամենը 4.6% աճով, իհարկե, չի կարելի հպարտանալ։ Եթե մենք խոսում ենք տնտեսական զարգացման մասին, ապա շինարարության աճի տեմպը պետք է առնվազն հավասար լինի կամ գերազանցի տնտեսական աճի ցուցանիշին։ Եթե տնտեսությունն իսկապես զարգանում է, ապա շինարարությունը պետք է խթանի տնտեսական աճը, ոչ թե զսպի այն։

- Մեկ այլ հակասական պատկեր է անշարժ գույքի շուկայում։ Մասնավորապես, մայրաքաղաքում անշարժ գույքի առուվաճառքի քանակը նվազել է, բայց գներն էականորեն բարձրանում են։ Մինչդեռ ենթադրվում է, որ պահանջարկի նվազման ֆոնին գները ևս պետք է նվազեն։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօրվա թանկացման պատճառը։

- Իրականում, այսօր անշարժ գույքի շուկայում ընկալելի իրավիճակ է։ Թանկացումը պայմանավորված է նոր իրավիճակում հասարակության մոտ առկա սպասումներով։ Նախ, շուկայում տեղաշարժ եղավ պահանջարկի տեսանկյունից: Դրան հետևեց, վաճառողների վարքագիծը, որոնք բարձր գին են սահմանում անշարժ գույքի համար, սպասումներ ունենալով, որ տնտեսության վիճակն արագ բարելավվելու է և մարդկանց եկամուտները մեծանալու են։ Հասարակական սպասումների նման դրսևորումներից է նաև, օրինակ, վարկավորման, այդ թվում սպառողական վարկերի ծավալների բարձր տեմպերով աճը: Հասարակության սպասումներն տնտեսական զարգացումների վերաբերյալ անհամեմատ ավելի բարձր են, քան արձանագրվող արդյունքները, այսինքն կարելի է արձանագրել նաև, որ տնտեսական նման աճի առաջնային գործոնը այդ սպասումներն են։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ իշխանությունների վարքագիծը համապատասխանի այդ սպասումներին, հակառակ դեպքում՝ խորը ճեղքվածք ու անկում կլինի։ Նոր իշխանություններն ունեն բարձր քվե և քաղաքացիների սպասումներն ավելի մեծ են, քան իրական զարգացումները։ Կառավարությունը ուղղակի պարտադրված է ավելի արդյունավետ աշխատել։ Մինչդեռ իշխանությունների աշխատանքի որակը չի համապատասխանում բնակչության սպասումներին ու իրական պահանջներին։ Պետք է Կառավարության որակը փոխել՝ նոր թիմ ձևավորել։ Այս կառավարության հիմնական առաքելությունը վերափոխումների պայմաններում կայունության ապահովումն էր, ինչը հիմնականում բարեհաջող կատարվել է, մինչդեռ այսօր առաջնային են դառնում համակարգային զարգացման խնդիրները: Չեմ հիշում, որ տնտեսական խնդիրների վերաբերյալ որևէ լուրջ սկզբունքային քննարկումներ եղած լինեն։ Հայաստանին ի դեմս կառավարությանը պետք է նորացված թիմ, նոր՝ անհամեմատ ավելի մեծ ձգտումներ ու կարողություններ ունեցող անդամներով: Ի վերջո որևէ երկրի տնտեսական զարգացման իրական և ամբողջական գնահատականը ժողովրդագրական իրավիճակն է, որի առումով անցած տարվա կտրվածքով մենք նահանջ ենք ապրել՝ վատթարացել են բնական վերարտադրության, ըստ հրապարակված տվյալների (ծավալն ու որակը նվազել են) նաև մեխանիկական շարժի ցուցանիշները: Այս իրավիճակում լուրջ անելիքներ ունեն տնտեսական քաղաքականության վրա ներազդող բոլոր օղակները, կտրուկ վերափոխվում է նաև Կենտրոնական բանկի դերը։

- Ի՞նչ պետք է անի ԿԲ-ն։

- Պետք է հարցադրումներով հանդես գա։ Մեր օրենսդրության տրամաբանությունն այնպիսին է, որ Կենտրոնական բանկը մեծ հնարավորություններ ունի ազդելու մակրոտնտեսական միջավայրի, իրականացվող տնտեսական քաղաքականության վրա։ Մինչդեռ, այն այսօր շատ ավելի պահպանողական դիրքերում է։ Այդպիսի դրսևորումների հնարավորություններից է, օրինակ, պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ պաշտոնական եզրակացությունը, որը քննարկվելիք բյուջեի նախագծի հետ պետք է ներկայացվի ԱԺ: Սա բացառիկ հնարավորություն է քննարկման առարկա դարձնելու տնտեսական քաղաքականության հիմնահարցերը, որոնք արտացոլվում են առաջարկվող բյուջետային ծրագրով: Սակայն վաղուց ի վեր ԿԲ պաշտոնական եզրակացությունը վերածվել է բաժակաճառի: Կամ, օրինակ, հաջորդը՝ եռամսյակը մեկ Կենտրոնական բանկը պետք է հանդես գա առաջիկա 12 եռամսյակների համար դրամավարկային քաղաքականության ծրագրով, որում ի թիվս այլոց պետք է գնահատական տրվի տնտեսական զարգացումներին և սա շատ լավ միջոց է բացահայտելու տնտեսական քաղաքականության մեջ առկա ճեղքերն ու շեղումները հաստատված ծրագրերից, ինչը ևս չի արվում։ Ավելին, երկրորդ տարին է՝ գնաճի փաստացի ցուցանիշը սահմանված ստորին սահմանից էլ ցածր է։ Սակայն որևէ տեղ անդրադարձ անգամ այս խնդիրներին չես հանդիպի, թեև պարզ է, որ եթե գնաճը 1 տոկոսով բարձր լիներ, տնտեսական արդյունքներն ավելի բարձր կլինեին։ Պրոֆեսիոնալիզի իմաստով Կենտրոնական բանկը բավականին կարող է և աններելի է առկա ներուժը չօգտագործելը։

- Կենտրոնական բանկը նախորդ տարի հայտարարեց, որ պատրաստվում է սպառողական վարկերի ծավալները սահմանափակող նախագիծ ներկայացնել։ Նշվում է, որ օրինակ՝ եթե քաղաքացու ամսական եկամուտների մեջ վարկերի տեսակարար կշիռը գերազանցում է 40%-ը, այդ քաղաքացուն պետք է արգելվի վարկ տրամադրելը։ Խնդիրն այն է, որ վարկերի ծավալը շատ ավելի արագ է աճում, քան մարդկանց եկամուտները։ Սահմանափակումները կարո՞ղ են լուծել այս խնդիրը։

- Վարկերն արագ են աճում, որովհետև բնակչության շրջանում ապագայի վերաբերյալ սպասումներն անհամեմատ ավելի մեծ են։ Մարդը հեռուստացույց ու սառնարան է վերցնում վարկով՝ հույս ունենալով, որ առաջիկայում իր եկամուտներն ավելանալու են։ Բայց խնդրի առաջ է կանգնելու, եթե եկամուտները չավելանան։   Այնուամենայնիվ, սպառողական վարկերի մասով մենք առայժմ չենք հասել գերվարկավորվածության վտանգավոր մակարդակի։ Տոկոսադրույքների ահմանափակումները, ինչի վերաբերյալ ակնարկներ ես լսել եմ, արդյունավետ լուծումներ չեն։ Ինչպե՞ս են ընտրելու սահմանափակման ամենաարդյունավետ շեմը։ Պետք է հաշվի առնել, որ վարկավորման ոլորտում էական ստվեր կա, ի դեմս՝ վաշխառուների։ Եթե ծավալային սահմանափակումներ կիրառվեն ու բանկերը սպառողական վարկեր չտրամադրեն, ապա քաղաքացիները դիմելու են վաշխառուներին։ Նույնը վերաբերում է նաև վարկերի տոկոսադրույքների սահմանափակմանը։ Սահմանափակումը կոպիտ գործիք է և երբեք ցանկալի արդյունքներ չի տալու։   Ավելի լավ է Կենտրոնական բանկը կամ այդ հարցով վերջին շրջանոմ հետաքրքրված օրենսդիրը զբաղվեն իրենց բուն գործով՝ տնտեսական որակական իրական նախադրյալների ձևավորմամբ ու զարգացմամբ: Ձեռքի հետ կարող են մտածել տարածվող վաշխառուական գործունեության կասեցմամբ։ Մեզ վերջին տարիներին հաջողվել է մարդկանց ստվերից, վաշխառուների դաշտից բերել բանկերի և օրինական գործող կառույցների դաշտ։ Սահմանափակումների հետևանքով նորից հակառակ գործընթացները կարող են կրկնվել։ Պետք է մտածել համակարգային լուրջ փոփոխությունների մասին, դատաիրավական բարեփոխումներից մինչ սեփականության իրավունքի պաշտպանությունը, որոնց արդյունքում տոկոսադրույքները կնվազեն, կաճի ֆինանսական միջնորդության մակարդակը: Տոկոսադրույքը արդյունք է, հետևանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել