Հանրայինի եթերում փետրվարի 6-ին Պետրոս Ղազարյանի հյուրը Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն էր։ Թեման ՍԴ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն էին։ Կարեն Անդրեասյանը բավականին վրդովված էր խոսում ու ԵՊՀ դոցենտին ոչ հարիր բառապաշարով․ «Լոլոները, լացուկոծը կթարգվի․․․ «Յոթնյակը» պետք է լքի էն սրբությունը, որը կոչվում է Սահմանադրական դատարան․․․ Հրայր Թովմասյանի ընգերները, ախպերները էդ չե՞ն գրել»։
Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե Սահմանադրության խախտում կա, Կարեն Անդրեասյանը նշեց, որ Սահմանադրության խախտում տեղի չի ունենում․ «Այո, էնտեղ մի տեղ կա՝ 168 հոդված, որ էսօր մի քանի լրագրողներ, կարծում եմ՝ նրանց մի մասն էլ՝ օլիգարխիայի սպասարկող լրատվամիջոցներից, գոռգռում էին՝ բա 168 հոդվածը ի՞նչ եղավ»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ Պետրոս Ղազարյանը հարցերում հավասարակշռությունը պահում էր։ Դա կարող է կապված լինել նաև Հանրայինի աղմկահարույց ռեպորտաժի հետ, որտեղ անմեղության կանխավարկածը խախտվել էր, որի մասին բարձրաձայնեցինք մենք, ՄԻՊ-ը, ՀՌՀ-ը։ Հույս ունենք՝ Պետրոս Ղազարյանը հավասարակշռություն կպահի նաև հյուրերի հարցում ու եթեր կտրամադրի ոչ միայն իշխանության շահերը պաշտպանող իրավաբանների։