ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզ քաղաքում 103 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար դերասան Քըրք Դուգլասը: Այս մասին տեղեկացնում է People պարբերականը` հղում անելով Քըրք Դուգլասի որդուն` հայտնի դերասան Մայքլ Դուգլասին:

«Ամբողջ աշխարհի համար նա լեգենդ էր, կինեմատոգրաֆի «ոսկե դարի» ներկայացուցիչ»,- ասել է Մայքլ Դուգլասը:

Նրա խոսքով` Քըրք Դուգլասը հիանալի է ապրել իր կյանքը և կինեմատոգրաֆում ժառանգություն է թողել եկող սերունդների համար:

Քըրք Դուգլասը (իրական անունը` Իսեր Դանիելովիչ) կինոյում հայտնի է բազմաթիվ դերերով, որոնցից ամենահայտնիներից են Վինսենթ Վան Գոգի և Սպարտակի դերերը:

Դուգլասը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում 1916 թվականի դեկտեմբերի 9-ին Ռուսական կայսրությունից եկած գաղթականների ընտանիքում: Իրական անունը նա փոխել է քոլեջում սովորելու տարիներին: Քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ընդունվել է Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիա: Երկրորդ համաշխարհայինի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմում:

Ծառայությունից հետո սկսել է խաղալ թատրոնում և նկարահանվել գովազդներում: Կինոյում նրա դեբյուտը եղել է 1946 թվականին Լյուիս Մայլսթոունի «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» ֆիլմում: Ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Դուգլասը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում: Նրա մասնակցությամբ ֆիլմերի շարքում առանձնանում են Ռիչարդ Ֆլեյշերի «20 000 լյո ջրի տակ», Վինսենթ Մինելլիի «Կյանքի ծարավ» (այս ֆիլմում Վինսենթ Վան Գոգի դերի համար Դուգլասը «Ոսկե գլոբուս» է ստացել),  ինչպես նաև Սթենլի Կուբրիկի «Փառքի արահետներ» և «Սպարտակ» ֆիլմերը:

1996 թվականին Դուգլասն «Օսկար» մրցանակ է ստացել կինեմատոգրաֆում 50-ամյա ստեղծագործական և բարոյական ջանքերի համար, իսկ 2001 թվականին ստացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակը: 

Кирк Дуглас

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել