Tert.am Life-ը գրում է.

Թատրոնի մասին խոսելիս նրա աչքերը փայլում են, ոգևորությունը հասնում է գագաթնակետին, հերոսների մասին պատմում է, ինչպես իրական ընկերների մասին կխոսի. դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն 2019-ին վերադարձավ Դրամատիկական թատրոն՝ միանգամից 3 դերով և մարմնավորեց իրար հետ բացարձակ կապ չունեցող 3 կերպար՝ մերկապարուհու, միանձնուհու և տղայի:

Դիանան սիրում է մարդկանց, որոնք խելագար են իրենց աշխատանքում, ուզում է նրանցից մեկը լինել: Ասում է՝ վարակվել է արվեստի էներգետիկայով:

Tert.am Life-ը հետևել է Դիանայի խաղին թատրոնում ու հետաքրքիր զրույց ունեցել վարագույրից այն կողմ՝ բացահայտելով մերկապարուհի, միանձնուհի և տղա «Դիանա»-ներին: Ըստ նրա՝ իր մեջ հավասարապես ապրում են 3 տեսակն էլ, իսկ թատրոնում այս կերպարները խաղալը մեծ վայելք էր:

Դիանա Մալենկոն՝ մերկապարուհի

-Դիանա, երկարատև դադարից հետո վերադարձար թատրոն՝ «Գանգստեր Մաք» ներկայացման մեջ Տանյայի կերպարով: Ի՞նչը քեզ վերադարձրեց թատրոն:

-Առաջարկը: Թատրոնը միշտ մտքումս էր, բայց միշտ կարծես սպասես, որ ինչ-որ բան ինքաբուխ լինի, այդպես էլ եղավ: Ինձ զանգեցին թատրոնից, ասացին՝ վաղը եկեք թատրոն, դերաբաշխում է: Մտածեցի՝ շփոթել են, պարզվեց՝ ոչ: Ինչպես միշտ, ուշացած գնացի, պարոն Խանդիկյանը ջղայնացավ ինձ վրա, իհարկե, տեղին... ամաչելով նստեցի: Դերաբաշխում արեցին, ինձ տվեցին տեքստը, տեսա էջերը բավականին շատ են: Մտածում էի՝ Աստված եմ, ինչ է կատարվում ինձ հետ: Իրականում ի սրտե ուզում էի թատրոն վերադառնալ: Այս ներկայացումներից հետո մտածում եմ՝ ինչպես եմ այդքան տարի հեռու մնացել թատրոնից:

«Գանգստեր Մաքում» դերասանական երկու խումբ է աշխատում, հավասար էներգետիկայով խաղում ենք՝ բոլորը թատրոնի նվիրյալներ են: Թատրոնի մարդիկ, իսկապես, նվիրյալներ են, հատկապես Հայաստանում: Միշտ շեշտում եմ, որ այս ներկայացման հաջողությունը բոլոր մասնակիցների՝ գործին հավատալու ու տրվելու մեջ է:

-Հերոսուհիդ մերկապարուհի է: Այս կերպարը ոչ միայն դերասանական խաղ, այլև մարմնի ճկունություն է պահանջում: Գիտեմ, որ մի շրջան կապտուկներով էիր շրջում: Ինչպե՞ս տրվեց քեզ մերկապար սովորելը:

 -Չորս դերասանուհիս ու Լևոն Հախվերդյանը մի քանի ամիս շաբաթական 2-3 անգամ պարի փորձեր ենք արել ու մեծ պարտաճանաչությամբ: Ես շատ եմ սիրում երաժշտություն, պարել, բայց ճկուն չեմ: Ով էլ կասի, թե ճկուն է, այս պարագայում կհասկանա, որ ճկուն չէ: Իրականում ինձ անհնար էր թվում ձողի մոտ պտտվելը, նույնիսկ, քայլելը: Ընկնում էի, չէր ստացվում:

«Փոլ դենսը» մեծ հաշվով ձեռքի ուժ է: Հատկապես սկզբում, երբ սովորում ես, մարմնիդ ծանրությունը ձեռքերիդ վրա է: Հետո ես կարողանում հավասարապես տիրապետել ձեռքի ուժին ու մարմնիդ ճկունությանը: Էդ պրոցեսն իրականում շատ ցավոտ է: Այդ ամիսների ընթացքում չորսս էլ միշտ կապտուկներով էինք: Ցավում է ամբողջ մարմինդ, որովհետև աշխատում են բոլոր մկաններդ, նույնիսկ այնպիսիք, որոնց մասին չես էլ իմացել: Շատ հետաքրքիր  աշխատանք է, պրոցեսը դաժան է, բայց հաճույքն էլ շատ է: Դա սպորտաձև է, որի մեջ մտնում է գիմնաստիկա, ատլետիկա, ինչ-որ առումով՝ բալետ: Ներկայացման մեջ  էլ մի լավ ֆրազ կա, ասում է՝ «Մաքն ինձ բացատրեց, որ դա նույն բալետն է, ուղղակի բալետի հորիզոնական ձողն այնտեղ ուղղահայաց է»: Դրանում իրականություն կա:)

Մեր պարուսույցը՝ Աիդան, շատ հետաքրքիր մարզիչ է, ասում էր՝ ոչինչ, նորից արա, այնքան էի փորձում, մինչև ստացվում էր: Իհարկե, աշխատելու տեղ միշտ կա, բայց կարողացանք արդյունքի հասնել:

-Որքան էլ սկանդալային է հնչում, որ բեմում մերկապար եք պարում, շատ նուրբ էր պահված գեղեցկության ու վուլգարության սահմանը: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, որտեղ այդ թեման կարծրատիպային է: Որքան էլ դու հասարակական կարծիքից կախված չես, նկատել եմ, որ ուշադրություն դարձնում ես, թե որ քայլդ ինչպես կընդունվի:

-Վուլգարության բացակայությունը բացառապես խոսում է ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի ճաշակի և որակի մասին: Դերբաշխումից հետո մերկապարի մասը մեզ ներկայացնելիս Գրիգը շատ նուրբ մոտեցավ հարցին, ուզում էր հասկանալ մեր մոտեցումը. բոլորս հասկանում ենք որ սա Հայաստանն է, այստեղ դեռ կան կարծրատիպեր, սակայն 4 աղջիկս էլ հաջորդ օրը եկանք ու հավասար ասացինք՝  ե՞րբ ենք սկսելու պարի փորձերը: Այդ պահին Գրիգի աչքերում փայլ վառվեց:

Իրականում ես էլ իմ կոմպլեքսներն ունեմ, բայց այս դեպքում դրանք չարտահայտվեցին: Հասկանում էի, որ ես ու մի խումբ մարդիկ հավատում ենք գաղափարի, ուզում ենք անել լավ գործ, որը մարդկանց կբերի թատրոն, որտեղ միտքը չի կորչում համարձակության ֆոնին: Իմ մեջ հարց կառաջանար, եթե ես մաքուր չլինեի: Մենք ուղղակի ուզում ենք ներկայացնել պատմություն երկու ընկերուհու մասին, որոնք իրոք լավ ընկերներ են, կապ չունի՝ որտեղ են, մարդիկ փնտրում են սեր, ինչպես յուրաքանչյուրն այս աշխարհում: Դրա շուրջ ծավալվում է նաև քրեական պատմություն, որն ամեն երկրում կա իր յուրահատկություններով:

-Այնուամենայնիվ, եղե՞լ են ոչ պատշաճ արձագանքներ:

-Ես էլ եմ զարմացած, բայց չէ: Եղել է կարծիք տղամարդկանց կողմից, բայց շատ գեղեցիկ, հիմնականում այն բովանդակությամբ, որ սիրուն էր: Երբ տեսանյութ հրապարակեցի Ինստագրամում, սպասում էի բացասական կարծիքների, բայց դա էլ չեղավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել