Իշխանությունը, թքած ունենալով միջազգային գործընկերների զգուշացումների եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնած աղմկահարույց նախագծերի վերաբերյալ Հայաստանի հեղինակավոր իրավաբանների ու սահմանադրագետների քննադատությունների վրա, Սահմանադրական դատարանը լուծարելու եւ իրենց ճաշակով ՍԴ ձեւավորելու առաջին քայլը՝ սահմանադրական օրենքները դեռ չընդունած, երկրորդ քայլն են նախաձեռնել։
Եթե պետությունը փոփոխի Սահմանադրությունը առանց ՍԴ-ում նախապես ստուգել տալու այդ փոփոխությունների սահմանադրականությունը, ապա այդ փոփոխությունների հակասահմանադրականության դեպքում կրկին կհայտնվի վերին աստիճանի հիմար վիճակում։ Այդ հակասահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելու պահից կդառնան գործող սահմանադրական իրավունք, որոնցով կաշկանդված կլինեն բոլոր պետական մարմինները։ Արդյունքում կունենանք հակասահմանադրական սահմանադրական իրավունք: Պետական մարմինները ստիպված են լինելու կիրառել այդ հակասահմանադրական սահմանադրական նորմերը՝ խախտելով Սահմանադրության անփոփոխելի դրույթները, որոնք կազմում են մեր պետության ողնաշարը։ Հետևաբար, չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելը առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու։ Ավելին՝ հնարավոր չի լինի ազատվել այդ հակասահմանադրական սահմանադրական դրույթներից նաև հետագա վերահսկողության միջոցով։ Նախ՝ գոյություն չունի գործող սահմանադրական նորմերի սահմանադրականության ստուգման վարույթ։ Երկրորդ՝ քանի որ ՍԴ-ն ինքը կաշկանդված է Սահմանադրությամբ, ապա նա չի կարողանա հակասահմանադրական ու անվավեր ճանաչել այն նորմերը, որոնցով ինքը կաշկանդված է։ Արդյունքը՝ պետական ինքնասպանություն։
Հ.Գ. Սկսում են հստակ նախանշվել իշխանությունը յուրացնելու նախապատրաստության (ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով) առերևույթ տարրերը։
«Հոդված 300. Իշխանությունը յուրացնելը
1․ Իշխանությունը զավթելը բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության նախագահի, պատգամավորի, վարչապետի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
Հոդված 300.1. Սահմանադրական կարգը տապալելը
1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
Հոդված 300.2. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները
Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Նիկոլ Փաշինյանի լրջանալու ժամանակն է։