Աշխարհում տեղի ունեցող կարևոր, հետաքրքիր զարգացումները վերջին շրջանում մեր ուշադրությունից լրիվ դուրս են մնում: Օրինակ՝ հունվարի 31-ից փետրվարի 3-ը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնական այցով հետխորհրդային տարածաշրջանում էր: Պոմպեոյի եվրասիական շրջագայությունն ընդգրկեց չորս հետխորհրդային երկիր՝ Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան: Ռուսական փորձագիտական-վերլուծական շրջանակներն այս շրջագայությունը որակեցին որպես ԱՄՆ-ի հակառուսական քայլ, և այս տեսանկյունից հատկապես կարևորվեց Պոմպեոյի այցը Բելառուս:

Մինսկի և Վաշինգտոնի հարաբերությունները սրվել էին դեռ 2007-2008թթ-ից: Բելառուսում ընտրական կեղծիքների ֆոնին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել բելառուսական մի շարք ընկերությունների նկատմամբ: Լարվածությունը խորացել էր այնքան, որ կողմերը հետ էին կանչել դեսպաններին: Եվ այսքան տարի ընդմիջումից հետո Պոմպեոն Մինսկում վերահաստատեց. ԱՄՆ-ն շուտով իր դեսպանը կուղարկի Բելառուսի մայրաքաղաք (առաջին անգամ այս մասին կողմերը խոսել էին նախորդ տարի, երբ Բելառուս էր այցելել այն ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը):

Բելառուսի համար Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին նպատակ ունի լուծելու տնտեսական խնդիրներ: Մոսկվայի հետ նավթի, գազի գնի շուրջ տարաձայնությունների ֆոնին Լուկաշենկոն մեկ անգամ չէ, որ հայտարարել է էներգառեսուրսների այլընտրանքային մատակարարներ փնտրելու մտադրության մասին: Մինսկում Պոմպեոն հայտարարեց․ «ԱՄՆ-ն պատրաստ է Բելառուսին 100 տոկոսով ապահովել գազով մրցակցային գներով»: Իհարկե, ԱՄՆ-ի համար առաջնահերթությունը ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բնույթի է, սա շատ լավ հասկանում են և Ռուսաստանում: Ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի արձագանքը՝ թերևս, կախված է այն հանգամանքից, թե մինչև ուր «կխորանան» ԱՄՆ-Բելառուս հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել