Armdaily.am-ը գրում է.

Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հայտարարության կշիռը պայմանավորված է Վենետիկի հանձնաժողովի կշռով։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Սիրանուշ Սահակյանն՝ ընդգծելով, որ սա ամենահեղինակավոր մասնագիտացված կառույցն է, որ զբաղվում է Սահմանադրական իրավունքի հարցերով և Սահմանադրությունը և այլ կենսական օրենքները համապատասխանեցնում է միջազգային ստանդարտներին, որոնք պետք է երաշխավորեն այդ մարմիների անկախությունը։

«Կառույցը երկարատև գործունեության փորձ ունի և ավելի սուր քաղաքական իրադրության պայմաններում՝ Վենետիկի հանձնաժողովի կոչը և արձագանքը հանգեցրել է ընթացող քաղաքական պրոցեսների նվազեցմանը և ժողովրդավարական հանգուցալուծումների։ Նույնիսկ երկրներ, որոնք ավելի մեծ քաղաքական կապիտալ ունեն ԵԽ շրջանակներում՝ հակված են եղել լսելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Կարծում եմ, որ ՀՀ իշխանություններին դժվար թե հաջողվի խուսափել Վենետիկի հանձնաժողովի հետ գործակցելուց, քանի որ նախ Հայաստանը փոքր դերակատարում ունի արտաքաին հարաբերություններում, Հայաստանի կապիտալը մշտապես եղել և մնում են ժողովրդավարական արժեքները։ Եթե մենք խաթարում ենք այդ արժեքները, ապա եվրոպական ընտանիքներին ինտեգրվելու հարցում կմեկուսացվենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ չի բացառում, որ հանձնաժողովի հանձնարարականներին չհետևելու դեպքում ՀՀ-ի նկատմամբ սանկցիաներ կկիրառվեն։

Անդրադառնալով հարցին, թե ինչ սանկցիաների մասին է խոսքը՝ Սահակյանն ասաց, որ դրանք կարող են լինել քաղաքական, օրինակ Հայաստանը Եվրոպական կառույցներում կարող է զրկվել ձայնի իրավունքից։ Կարող են ունենալ տնտեսական բնույթ, օրինակ որոշակի սահմանափակումներ կիրառվեն քաղաքացիների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց տեղաշարժերի և այլնի նկատմամբ, կարող է նաև գործակցված լինել, օրինակ, ՀԲ-ն կամ այլ կառույցներ, որ որոշ գնահատականների հիման վրա Հայաստանին ֆինանսական միջոցներ են տրամադրում՝ դրանց նախապայման կարող են լինել որոշ քայլերից ձեռնպահ մնալը կամ հանձնարարականները ի կատար ածելը, այդ թվում՝ ԵՄ հարթակում և նախապայմաները չկատարելու դեպքում վերջիններս կհրաժարվեն ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունից։

Հարցին՝ արդյոք կարելի՞ է ՍԴ հարցում մոտեցումների վերանայում ակնկալել, Սահակյանն ասաց, որ կարծում է՝ վերանայումներ չի կարելի ակնկալել, քանի որ ճնշումները զուգակցվել են ուժի ցուցադրությամբ՝ հետքայլ անելը կմեկնաբանվի որպես թուլության նշան, ինչն իրականությանը չի համապատասխանում։

«Հետևաբար, սկսած պայքարին փորձելու են մինչև վերջ շարունակություն տալ, բայց ամեն ինչ իր գինն ունի և թե այդ պայքարի արդյունքում ինչի դիմաց ինչի կարելի է հասնել, ինչ կորստով՝ ինչ ենք ունենալու՝ սա է կարևորը, ընդ որում՝ կանխատեսված արդյունքը երաշխավորված չէ»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել