Նիկոլի հայտարարությունը ծայրից ծայր պրոադրբեջանական բնույթ ունի. այս մոտեցումը ոչ միայն քաղաքական, այլև ազգային անվտանգության ու ինքնության խնդիր է առաջացնում:
Վերադարձի իրավունքը, ինչպես հայտնի է, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է։ Այն ամրագրված է ՄԱԿ-ի փաստաթղթերում և կիրառվել է բազմաթիվ հակամարտությունների դեպքում։ Նիկոլի հայտարարությունը փաստացիորեն հրաժարում է այդ իրավունքի պաշտպանությունից, ինչը կարող է ընկալվել որպես Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման լեգիտիմացում:
Արցախի հայերի վերադարձի օրակարգի փակումը նշանակում է հրաժարում հազարամյակների պատմական հայրենիքից։ Սա վտանգավոր նախադեպ է, որով Հայաստանը կորցնում է իր պատմական տարածքների նկատմամբ իրավական և բարոյական պահանջատիրությունը։ Եթե Հայաստանը հրաժարվում է վերադարձի օրակարգից, ապա միջազգային կառույցները ևս չեն պայքարի դրա համար։ Արդյունքում Հայաստանը կորցնում է դիվանագիտական լծակներ և թույլ է տալիս Ադրբեջանին ամրապնդել իր դիրքերը:Մյուս կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ հիմնարար իրավունքների անտեսումը չի բերում կայուն խաղաղության, ընդհակառակը՝ դա դառնում է ապագա պայթյունավտանգ հակամարտությունների հիմք։
Այնպես որ՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքը պե՛տք է մնա Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական օրակարգում՝ որպես ազգային ինքնության և պետականության անբաժանելի մաս։ Դրա մերժումը ոչ թե խաղաղություն է ապահովում, այլ վտանգում է հայ ժողովրդի ապագան։ Բայց դրա համար պետք է փոխել այս իշխանություններին, որպեսզի Հայաստանում ձևավորվի հայ ժողովրդի շահերն իսկապես արտահայտող ու դրանց համար իրական պայքար մղող իշխանություն, այսինքն՝ ՔՊ-ին հակապատկեր իշխանություն:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4687
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



