Նավահանգստային Քիլը, որը գտնվում է Գերմանիայի հյուսիսում, կդառնա երկրի առաջին առանց թափոնների քաղաքը: Դրա համար նա միացել է Zero waste («Զրոյական թափոններ») գլոբալ նախաձեռնությանը, հայտնում է Bloomberg-ը:
Գրեթե 250 հազար բնակչություն ունեցող քաղաքի վարչակազմը նպատակ է դրել աղբը վերացնել նոր մեթոդներով:
Ըստ Քիլի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարի՝ Գերմանիայում պլաստիկ թափոնների արտադրությունը չի կրճատվում, ընդհակառակը՝ ավելանում է՝ չնայած թափոնների տեսակավորման համաշխարհային վարկանիշում երկրի առաջատար դիրքին: Այս առումով Քիլի վարչակազմը նախատեսում է ջանքերը կենտրոնացնել հենց աղբի վերամշակման վրա՝ ամբողջովին հրաժարվելով դրա այրումից և թաղումից: Նախատեսվում է նաև կրճատել պլաստիկ փաթեթավորման օգտագործումը խանութներում և խթանել երկրորդային շուկաները այնպիսի իրերի համար, ինչպիսիք են կահույքը, տեքստիլը և շինանյութը: Քիլի վարչակազմը նախատեսում է գործողությունների վերջնական պլանը հրապարակել 2020 թվականի ապրիլին: