Բավականաչափ ուշագրավ զարգացումներ են ընթանում Սիրիայի հյուսիսում: Վերջին մի քանի շաբաթներին այդ երկրի կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների, հատկապես ռուսական օդուժի կողմից ակտիվ ռազմագործողություններ են իրականացվում միաժամանակ Հալեպ նահանգի հյուսիսային և արևելյան, նաև Իդլիբ նահանգում։ Նպատակը նշված շրջանների ամբողջական ազատագրումն է: Ի դեպ, հակակառավարական խմբավորումների պատասխան կրակից հաճախ տուժում են նաև խաղաղ բնակիչներ, հատկապես Հալեպ քաղաքի որոշ շրջաններում:
Նշված գործողություններն առայժմ ծավալվում են միանշանակորեն սիրիական կառավարական ուժերի օգտին:
Մինչդեռ, ինչն է հետաքրքիր, ստեղծված իրավիճակում բավականաչափ անհարմար իրավիճակում է հայտնվել Թուրքիան, որը հանդիսանում է սիրիական հակակառավարական հիմնական խմբավորումների առանցքային հովանավորը: Ավելին՝ փետրվարի 2-ին թուրքական կողմը ևս մարդկային կորուստներ է կրել Իդլիբում սիրիական բանակի հարձակման հետևանքով:
Իրավիճակի թեժացման ողջ ընթացքում չկարողանալով մեղմել հետագա սրացումները դիվանագիտական, քաղաքական, անգամ ռազմական միջոցներով՝ թուրքական կողմին մնացել է դիմել զուտ սուր հռետորաբանությամբ և չճշտված տեղեկատվությամբ սեփական «դեմքը փրկելու» գործիքակազմին:
Մասնավորապես, Իդլիբում 4 թուրք զինծառայողների զոհվելու և 9 հոգու վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվության հետ կապված՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է «անհամաչափ պատասխանի՝ 40 թիրախի ոչնչացման, 30-35 սիրիացիների սպանելու» մասին, ինչն, ի դեպ, հերքվել է Սիրիայում ռուսական ռազմական ներկայացուցչության կողմից, այսինքն՝ թուրքական կողմը որևէ գործողություն չի իրականացրել Իդլիբում:
Իսկ նման իրավիճակը կարելի է պայմանավորել նրանով, որ Թուրքիայի իշխանությունների առջև լուրջ խնդիրներ են առաջացել միաժամանակ մի քանի ճակատներում՝ Սիրիայի հյուսիսում, Լիբիայում և իսրայելապաղեստինյան հիմնախնդրի շրջանակներում՝ պայմանավորված Դոնալդ Թրամփի «Դարի գործարքի» հրապարակման հանգամանքով: Եվ Անկարան, որ դեռևս 2018թ. սեպտեմբերին Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում կարողացել էր կանգնեցնել Իդլիբի ազատագրման ռազմագործողությունը, ներկայում սպառել է իրավիճակը վերահսկելու բոլոր հնարավորությունները և, կարծես, ապավինում է «ռազմական թատերականացման» գործելաոճին: