2020թ․-ի հունվարի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 188 հոդված, որոնցից 67-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 116-ը՝ չեզոք։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մասին այս տասնօրյակում բացասական հոդվածները գերազանցում են։
«Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և մյուսների՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին մամուլում եղած փաստերը շարունակում են մնալ չհերքված կամ մինչև վերջ չպարզաբանված։
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը չի վերանշանակվի։ Փետրվար-մարտ ամիսներին նախատեսված են ԵՊՀ ռեկտորի ընտրություններ, «որոշվել» է Հովհաննես Հովհաննիսյանին շտապ կարգով դոկտոր կարգել: Նա ժամանակին Կրթության նախարարի տեղակալն էր և, ըստ շրջանառվող լուրերի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմն ու ԵՊՀ ռեկտորի նախընտրելի թեկնածուն է:
Լրագրող, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը, անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ու նրա ղեկավարած նախարարությանն, ասել է. «Այդ խառնակուտակը նախարարություն անվանելը նույնիսկ մեղք է,- և հավելել է, որ Արայիկ Հարությունանը աչքի է ընկել բռնի պահվածքով և որ վերջինս քաղաքականություն չունի,- քաղաքականությո՛ւն չեմ տեսնում: Կոպիտ, թշնամական միջամտություն է մի հարցում, որից գլուխ չի հանում, ակներևաբար ինչ-որ մարդկանցից է կարծիքներ հարցնում, որպեսզի վերևից տրված հանձնարարությունը մի կերպ հորով-մորով անի: Դրա ապացույցը նրա բռի պահվածքն է, դիմացիններին վիրավորելն ու քրեական գործերով սպառնալը: Ուսուցիչը, գիտնականը, մշակույթի նվիրյալը, չորս հսկա ոլորտ ղեկավարողն ինչպե՞ս կարող է այդպիսին լինել»:
Շարունակվում է նաև «Արմաթ» լաբորատորիաների հիմնադիր Կարեն Վարդանյանի և նախարար Արայիկ Հարությունյանի միջև առճակատումը։ Կարեն Վարդանյանը չի ընդունում այն սկզբունքները, որ որդեգրել է նախարարը «Արմաթի» հարցում. «Մենք ոչ թե վախենում, այլ հակառակը՝ խնդրում ենք, որ մրցույթ հայտարարեն, իսկ մեզ շանտաժների մեջ մեղադրող ԿԳՄՍ նախարարը թող մտածի՝ ինքն աշխատելու է, թե ոչ»։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ Արայիկ Հարոթյունյանին մեղադրել է անսկզբունքային լինելու մեջ։ Ըստ Սամսոնյանի՝ մինչև նախարար դառնալն Արայիկ Հարությունյանը խոսում էր, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, և դա ճիշտ չէ: Հիմա, ըստ պատգամավորի, շատ դպրոցներում խորհրդի անդամները ՔՊ կուսակցության անդամներ են, պատգամավորներ ու ավագանիներ են։